Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք — կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա— նաիրյան աշխարհի… Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա— երկիրը Նաիրի…

Այսպես էին մտածում այդ բերդի մասին նաիրյան այդ քաղաքում ապրող իսկական նաիրցիները— և այս փաստի հանդեպ ի՞նչ կարող էր անել մի, թեկուզ և եվրոպացի, պ. Դրաստամատյան…


Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները։ Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը և ամբողջ քաղաքն իր մեջ առնելով՝ տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից։ Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն — ծուռ, կոշ-կոճ բլուրների նման — տեղ-տեղ մնացել։ Մնացել են հիմա այն հին պարիսպների զարմանք հետքերը միայն— մեկն այստեղ ահա, բերդի պատերին կպած, մյուսն այնտեղ, գետեզերքին, մեկն էլ հեռու–հեռուն՝ քաղաքից դուրս։ Ամեն մեկը հիմա մամռապատ մի պատ է կատարյալ, չիմացողը կասի՝ ո՞վ է այս բլուրի քարերը հղկել, ազնվացրել և մամուռով պատել… Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մինչև օրս էլ մնացել է քաղաքի միջով անցնող գետի ճիշտ մեջտեղը, գետի մեջտեղը մնացած պարիսպի այդ կտորն է ահա, որ կոչվում է հիմա Վարդանի կամուրջ։ Կարծում են՝ կամուրջ է եղել և համոզված են, որ այդպիսի մի կամուրջ Վարդան զորավարը միայն կարող էր շինել, որովհետև այսօրվա միամիտ նաիրցին այն ամենը, որ մե՛ծ է և զարմանալի, ինչ որ նաիրյան է ու հաղթական— վերագրում է Վարդան Մամիկոնյանին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որի մասին այսօր ամեն մի հասարակ նաիրցի այնքանը միայն գիտե, որ բարեկենդանի հինգշաբթի օրը բոլոր նաիրյան եկեղեցիներում պատարագ է լինում նրա հիշատակին, երգվում է «Լռեց ամպերը», և այդ օրը բոլոր նաիրցիները «տոն» ունեն, այսինքն— անվանակոչություն… Բայց այդ չէ, իհարկե, պատճառը, որ Վարդանի կամուրջը նաիրցիների աչքին դարձել է խորհրդավոր մի հրաշք՝ ահռելի գեղեցկության։ Ասում են — և այդ բոլորը գիտեն— որ գետում խեղդվածները գալիս հավաքվում են