Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամուրջի տակ գտնվող ահռելի վիհերում. վիհի՜ վրա է կանգնած այդ հսկա քարակույտը — ահա՜ թե ինչ։ Նրա տակ դատարկ է, բոլորովին դատարկ։ Եվ այդ դատարկության վրա, որպես Նաիրյան հնամենի զարմանք, ելել է կամուրջը, կախվել է, ծանր ու հաստատ, վիհերի վրա։ Վարդանի կամուրջը։ — Եվ այդ անհուն, անհատակ վիհերում, որոնց մեջ ջուրն անգամ վարանում է լցվել — ապրում են ջրային գազաններ. պառավներ, մարդագլուխ գոմեշներ, ջրային հսկա մի օձ, որ կամուրջի «տերն» է, կամուրջի բարի ոգին — և երկու ջրահարս։ Ահա թե ինչու ոչ մի քաղաքացի չի համարձակվում լողանալ կամուրջի մոտերքը. քանի՛-քանի անգամ եղել են դեպքեր, երբ մի առաքինի, խելոք, բարի նաիրցի գիշեր ժամանակ Վարդանի կամուրջի մոտերքից անցնելիս զգացել է հանկարծ, որ քաշում են իրեն վար, դեպի վիհերը Վարդանի կամուրջի, — կանչում են, հմայում են, ուզում են խեղդեն։ Եվ քանի՛-քանի անգամ Վարդանանց տոնին սուրբ Գևորգ եկեղեցու քարե ամբիոնից տեր Հուսիկ քահանան զգուշացրել է քաղաքացիներին, որ նման դեպքերում ամեն մի իսկական նաիրցի իսկույն պետք է հիշի Վարդան զորավար քաջին և ամրապնդվի պապերի հավատքով։ Պիտի մտաբերի այն մեծ նպատակը, որի համար ընկել է նա Ավարայրի դաշտում — և չվարանի։ Եվ եթե չվարանի՝ կցնդի, քամի կդառնա այն չար զորությունը, որ թշնամու ցանկությամբ կախվել է Վարդանի կամուրջի վրա։ Եվ Վարդանի կամուրջը կդառնա հավատքի մի խորան՝ բարի մի զորություն։ — Հարության սյո՜ւն կդառնա Վարդանի կամուրջը հավատացողի համար — ասել է հաճախ տեր Հուսիկ քահանան։ Բայց միշտ այնպես է պատահում, որ ամենավտանգավոր վայրկյանին թռչում է Վարդանի անունը վարանոտ քաղաքացու ճղճիմ ուղեղից ու մնում է տեղը — դատարկ տարածություն, սարսափելի զարզանդ, որ, ի դեպս ասած, ավելի է բարձրացնում Վարդանի կամուրջի հրաշալի հմայքը քաղաքացիների աչքին։ Եվ ես չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, թե որքա՜ն խղճուկ ու անհետաքրքիր պիտի թվար Նաիրյան այդ քաղաքը նրանում ապրողների աչքին, եթե այդ կամուրջը չլիներ։ Բայց արի տես, որ այդքան հետաքրքիր ու զարմանալի հնամյա այդ քաղաքում միայն կամուրջը չէ։ Եվ եթե առաջարկվեր բնակիչներին ձեռք քաշել քաղաքի հրաշալիքներից մեկն ու մեկից, հարց է դեռ՝ չէի՞ն զիջի նրանք Վարդանի կամուրջը — հօգուտ Առաքելոց եկեղեցու։ Ուզում եմ ասած լինեմ, որ չնայած Վարդանի կամուրջը քաղաքացիների սրտին չափազանց մոտ լինելու