Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգամանքին — ուրիշ բան է այդ նույն քաղաքացիների համար Առաքելոց եկեղեցին։ Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի — և բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար։ — Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում — նո՜ւյնն է Առաքելոց եկեղեցին նիրյան այդ քաղաքում։ — Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար — նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին — Առաքելոց եկեղեցին։

Բերդից դեպի հյուսիս, վարը, բլուրի լանջին, ծվարել է Առաքելոց եկեղեցին, որպես քարից շինած մոխրագույն մի թռչուն։ Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերից — բերդից նայելիս, բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն։ Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած — դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը և անհուն աշխարհում — երկիրը Նաիրի։ Վերը, գմբեթի ծայրին, խաչն է պարզ, երկթև նաիրյան մի խաչ։ Ու խաչից սկսվելով՝ ծայրը վեր տնկած կոնաձև հոլի մի նման իջնում է գմբեթը քարե մի ահռելի սնդուկի վրա։

— Ահա՜ Առաքելոց եկեղեցին։ Հրաշք է, չես հասկանում — այնքան է պարզ։ Բայց որպեսզի ընթերցողը պարզ, ակնհայտնի կերպով կարողանա պատկերացնել Առաքելոց եկեղեցու հմայիչ պարզությունը — ես կնկարեմ այստեղ, մոտավորապես, նրա արտաքին տեսքը.

— ահա՛։ Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես կերպարանք ստացած։ — Անպաճույճ է, պարզ է — դրսից, բայց հասկացողի համար նա որքա՛ն է անհուն ու բազմահրաշ…