Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի խելքը գլխին անձնավորություն.— չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երևան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետևանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ— Բարության և որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,— մի ավելորդ ապացույց ևս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,— ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետև ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) — անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»— անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին:— Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո՛ղ,— և մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ:

Ինչպես ասել ենք վերևում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը և բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս