Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները», ո՞ր, ո՞ր. ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսը— նո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո՛, կենտրոնական անձնավորություններից մեկը։ Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլև արպես մարդու— ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետև զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին— ապա հետևեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս։ Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս— կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը— նախատինքի, այո, մորմոքի ասեղներ...

Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի ետևը և պատրաստվում էր սկսելու։ Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը և սրտմտում էր կարծես, կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը և նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ։ Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր։ Առաջին շարքում, կողք-կողքի, նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը։ Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել և, քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես չէր գտնում։ Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը— Կլուբի մեյմունը։ Վարսավիր Վասիլը նրա ետևում դրված նստարանն էր ընտրել և, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը։ Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի և օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին և պ. Աբոմարշին էլ թվենք— սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին և մի