Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջին տարիներս այնքան քարկոծել է նոր սերնդի ներկայացուցիչ առաջադեմ տարրերին։

Այդ «ազգասիրությունը» միայն խոսել գիտե. նա խիստ կողմնակից է մեր «ազգային առանձնահատկությունների» պահպանման, բայց ամենամեծ օտարամոլը մեր մեջ ինքն է։ Նա ջերմ նախանձախնդիր է մայրենի լեզվի առաջադիմության, բայց մայրենի լեզուն ամենից շատ նրա ընտանիքումն է արհամարհված և հալածված։ Նա մեծ կարևորություն է տալիս Հայոց գրականությանն ու պատմությանը. բայց այդ գրականության ու պատմության մասին ամենից քիչ գաղափար ունեցողն ինքն է։ Մի խոսքով՝ եթե բանը խոսքին մնաց՝ մեր «բարձր ինտելիգենցիան» nec plus ultra ազգասեր է, բայց երբ բանը գործին ու զոհաբերությանն է գալիս՝ նա այդտեղ չկա։

Ահա այս խոսքի ազգասիրությունն է, որ հանդես է գալիս և Տաճկահայոց ներկա խնդրում։ Խոսքով նա պատրաստ է ամեն ինչ անելու «տաճկահայ» եղբայրների համար և համաձայն իր այս հիմնական տրամադրության առաջարկած է օգնության այնպիսի միջոցներ, որոնք նրանից կամ գործ ամենևին չեն պահանջելու և կամ պահանջելու են շատ քիչ։

Հասկանալի է, իհարկե, որ ինքնապաշտպանության գործը այսպիսի միջոցների շարքը դասվել չի կարող։ Ինքնապաշտպանություն կազմակերպել – նշանակում է դրամ հայթայթել, զենք հասցնել Տաճկահայաստան, այնտեղ համապատասխան կազմակերպություններ առաջ բերել, ի հարկին նաև կուրծք տալ վայրենի խուժանի գրոհին... Մեր բարձր ինտելիգենցիա՞ն պետք է կատարե այս գործերը...

Ակամայից մեր հիշողության մեջ վերարտադրվում են անցած տարիները։ Այն ժամանակ կովկասահայ ժողովուրդն էր կոտորածի մղձավանջի տակ տառապում։ Հանդես էին եկել մի խումբ մարդիկ ոչ «բարձր ինտելիգենտ» շրջանից և ամեն տեսակի զոհողության գնալով ղեկավարած էին ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Որ այդ զոհողություններն ու նրանց տված փայլուն հետևանքները պետք է ժողովրդի աչքում հմայք ստեղծեին վերոհիշյալ խմբի համար - այդ պարզ է, իհարկե։ Պարզ է նույնպես, որ այդ հմայքը հաճելի չէր կարող լինել մեր «բարձր ինտելիգենցիային»։ Եվ ահա վերջինս սկսեց իր վայնասունը։ Ինքնապաշտպանությունը խմբակցական գործ չէ. դա ընդհանուր ժողովրդական գործ է. մեզ ևս մասնակից արեք դրա ղեկավարությանը և այլ նման պահանջների կարկուտ էր, որ տեղում էր մեր ինքնապաշտպանության ղեկավարների գլխին։ Բայց բարեբախտաբար հայկական այս չկամությունը