Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ռուսաստանը և թյուրքահայերը

Պոլսի ռուս դեսպանը հայտնել է Բ. Դրան, որ եթե հայերի սպանությունները մասսայական բնույթ ստանան՝ Ռուսաստանը վճռական պաշտպանություն ցույց կտա հայերին։ Մի ուրիշ հեռագրի ասելով «Անգլիան առաջարկել է Բ. Դրան Հայաստանը դնել Ռուսաստանի հովանավորության տակ»։ Մի երրորդ հեռագրի նայելով. «Ռուսաստանը հայտարարել է Բ. Դրան, որ հայերին պաշտպանելու համար քրդերի դեմ՝ ինքը գրավելու է Վանի, Բիթլիսի և Կարինի նահանգները»։

Այս բոլոր հեռագիրները թեև պաշտոնական բնույթ չունեն, բայց նրանց հնարավորությունն ինքնին մի ապացույց է, որ Ռուսաստանի քաղաքականությունը թյուրքահայերի վերաբերմամբ ենթարկվում է հեղաշրջման և տաճկահայերի ապահովության խնդիրը դառնում է մեր պետության մտահոգության առարկան։

Ավելի քան քսանամյա ընդմիջումից հետո Ռուսաստանի և թյուրքահայերի շահերը ընդառաջում են իրար և տաճկահայերի ապահովության խնդիրը կռվան է դառնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության։ Այսպիսով մեր ցեղի պահպանության գերագույն շահը նույնանում է Ռուսաստանի քաղաքական շահերին։

Թյուրքիան իր պարտությունից հետո դառնում է երկրորդական պետություն և նրա արժեքը միջազգային քաղաքականության մեջ նվազելու է չափազանց։ Արդյոք կհաստատվի մի միջազգային հովանավորություն Թյուրքիայի վրա, թե մեծ պետությունները կբաժանեն իրար մեջ քայքայված Թյուրքիայի ժառանգությունը - դժվար է առաջուց գուշակել։ Ինչ էլ լինի Թյուրքիայի ապագան՝ մեծ պետությունների դերը նրա կյանքում այսուհետև մեծանալու է ավելի, քան երբևիցե. և երբ Ռուսաստանի նման մի հզոր պետություն ձգտում է իր ազդեցության տակ առնել հայաբնակ նահանգները, այդ հանգամանքը մեզ համար ահագին նշանակություն ունի։

Ռուսաստանի այս նպաստավոր տրամադրության անմիջական հետևանքը կլինի ջարդերի վերացումը հայաբնակ նահանգներում։ Թյուրքիան իր իսկ շահերը ի նկատի առնելով՝ պիտի ջանա ամեն կերպ նպաստելու հայ ազգաբնակության ապահովության արևելյան վիլայեթներում և ինքը պետք է ետ պահե այն ձեռքը, որ բարձրանում է հային մորթելու, եթե չի ցանկանում վտանգի ենթարկել իր տիրապետությունը Կարինի, Վանի, և Բիթլիսի շրջանում։