Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպիսի հանգամանքներում ամերիկացի արդյունաբերողի համար խիստ ձեռնտու է փոխանակ տեղական կրթված բանվորների՝ բանեցնել նեգրեր, չինացիներ, հնդկացիներ, թյուրքեր, հայեր և այլն, որովհետև վերջիններս չունենալով այն կուլտուրական պահանջները, ինչ որ ունեն առաջինները՝ նրանցից շատ ավելի աժան գնով են աշխատում։ Բայց այդ աժան գինն էլ մեր տեղական աշխատավարձի համեմատությամբ շատ մեծ է երևում. հայ գեղջուկը, որ իր գյուղում օրական 30-50 կոպ. աշխատավարձից ավելին չի տեսել, հանկարծ հրավեր է ստանում օրական 2, 3 մինչև անգամ չորս րուբլիով աշխատելու։ Հասկանալի չէ՞, որ այդ գների անունը լսելիս նրա ախորժակը բացվում է և նա հափշտակվում է Ամերիկա գաղթելու մտքով։

Այս հափշտակությունը չէր լինի, եթե, ինչպես ասացինք, գաղթելու պատրաստակամ մեր գյուղացիները տեղյակ լինեին այն աշխատանքի պայմաններին, որոնց տակ նրանք ստիպված են լինելու ճկել իրենց մեջքը խոստացած հրապուրիչ վարձի փոխարեն։

Այն մեքենական արդյունաբերությունը, որ աշխատանքը այնքան պարզ մասերի է վերածել, միաժամանակ այնպիսի լարման է հասցրել մարդկային մկանների գործունեությունը, որ ամերիկացի բանվորը օրական ութ ժամից պակաս չաշխատելով հանդերձ՝ երեսուն հինգ տարեկան հասակից դենը արդեն աշխատանքի համար անպետք է նկատվում։ Դանդաղ աշխատանքի սովոր հայ գյուղացին այդպիսի լարված աշխատանքի հազիվ 4-5 տարի կարող է դիմանալ, որից հետո նա իբրև անդամալույծ պետք է վտարվի գործարաններից։

Սակայն չարիքը դրանով չէ սահմանափակվում։ Օտար բանվորներին սովորաբար աշխատանք են տալիս այնպիսի վայրերում և այնպիսի գործերի մեջ, որոնք սպանիչ ներգործություն ունին մարդկային օրգանիզմի համար։ Այդպիսի տեղերում Ամերիկայի բանվոր աշխատեցնելը ձեռնտու չէ ոչ միայն նրա պահանջած բարձր աշխատավարձի, այլև այն պատճառով, որ ամերիկական մահացաթյունը թանկ է նստում արդյունաբերողի վրա, որովհետև նա ստիպված է որոշ հատուցումն տալ մեռնողի մերձավորներին։ Մինչդեռ օտար բանվորի մահը այդպիսի դժվարություններ չէ պատճառում նրան. ո՞վ է օտար որբերի, նրա վշտակարոտ ծնողների մասին մտածողը։

Վերջապես ի՞նչ է ներկայացնում Ամերիկայում այն աշխատավարձը, որով այնքան հրապուրվում է մեր գյուղացին։ Կյանքն Ամերիկայում այնքան թանկ է, որ աշխատավարձի կեսը, իսկ շատ դեպքերում երեք քառորդը, հազիվ բավականցնի նրա ապրուստի համար։ Այնպես որ, վերջին