ու չափով։ Բոլոր բարբառներն ասում են «Հայր մեր», բայց ոչ մեկը չի ասում «հայրս տուն եկավ», այլ կամ հէրս կամ հարս տուն եկավ։
Ահա մի բառ, որ որոշ կապակցության մեջ մնում է անփոփոխ, իսկ ընթացիկ խոսքի մեջ ձևափոխված է սաստիկ։ Ու թեև կարող ենք օրենք բանաձևել, թե այ-ը դառնում է կամ է կամ ա, բայց մենք տեսնում ենք, որ միևնույն բառի այ-ը մի դեպքում փոխվում է, մի ուրիշ դեպքում մնում է անփոփոխ։
Այս հանգամանքը շատ մեծ նշանակություն ունի լեզվի հետազոտության հյամար, և երբ ասում ենք «լեզվական օրենք», «հոլովույթի կանոն»–միշտ պետք է նկատի ունենանք այս հանգամանքը։
Մեր հայտնած գաղափարները լեզվի փոփոխության մասին շատ պարզ են և հասկանալի և հավանորեն այդ պարզության պատճառով մոռացվում են շարունակ, ինչպես պարզ է, որ ամենքս պիտի մեռնենք, բայց հազիվ թե տարին մի քանի անգամ հիշում ենք այդ մասին։
Մեր հիմնական հայացքն այս մասին, թե լեզուն փոփոխական երևույթ է ինքնին թելադրում է հետազոտության որոշ եղանակ։ Գրի առնված լեզուն, ինչպես մի դարավոր ծառ, կարելի է կտրել ու հետազոտել հորիզոնական հատվածներով. առնել հաջորդական դարերի գրականությունը - Ե., Զ., Է., Ը և այլ դարերի - և զատ-զատ հեղինակների լեզուն ուսումնասիրելով՝ կազմել նրանց քերականությունն ու բառգիրքը և այդ հիման վրա հորինել Զ., Է., Ը., Թ և այլ դարերի հայոց լեզվի քերականություններ։ Այնուհետեև տարբեր դարերի քերականություններն իրար հետ բաղդատելով կազմել մեր լեզվի բաղդատական և պատմական քերականությունը։
Հետազոտության այս կարգը մեզ կտա ամեն մի դարի հայոց լեզվի կացությունը, կայուն վիճակը, իսկ պատմական քերականությունը մեզ կտա տարբեր դարերի կացությանց շարքը, լեզվի փոփոխության հաջորդական փուլերը։ Նա մեզ կասի, թե լեզվական որևէ ձև ո՞ր դարին հատուկ էր. հոլովումն ու խոնարհումը ի՞նչ կերպարանք ուներ այս ու այն դարում. այս ու այն բայերը ի՞նչ հոլովով էին խնդիր առնում մեկ և մյուս դարում և շարահարության կարգն ինչպե՞ս էր հաջորդական դարերի ընթացքին։
Այս սահմանների մեջ քերականությունը նկարագրական է. նա մեզ ասում է, թե կացությունն ի՛նչպես է այսօր և ի՛նչպես էր երեկ։ Նա պատասխանում է «ի՞նչպես» հարցումին։ Նա լեզվի բնապատմությունն է և բրածաբանությունը։