Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարագրել որևէ երկրի այսօրվան կենդանիներն ու բույսերը և նույն երկրի բրածո բույսերն ու կենդանիները - մտավորական նույն աշխատանքն է պահանջում։ Գիտունը դիտում է, դիտածը խմբում և հորինում ընդհանուր պատկերը կացության։ Նույն աշխատանքն է կատարում և այն գիտունը, որ դիտում է այսօրվան կամ անցյալ դարերի լեզուն և դիտածի հիման վրա հորինում ներկա կամ անցյալ կացության պատկերը։ Սա գիտության առաջին քայլն է և առանց այդ նախնական աշխատանքի անհնարին է առաջ շարժվել։

Սակայն, բնապատմությանը հաջորդած է կենսաբանությունը, որ ձգտում է եղածը մեկնել, բացատրել, նա ձգտում է պատասխան տալ «ինչու՞» հարցումին։ Նա չի գոհանում իմանալով, որ տղամարդը մորուք ունի, իսկ կինը ոչ, նա աշխատում է իմանալ, թե ինչու՞ այդպես է։

Լեզվի բնագավառում կենսաբանի հետաքրքրություն ունի այն մարդը, որ չի գոհանում իմանալով, թե միևնույն դասական «հայր» բառը արևմտյան բարբառներում այսօր դարձած է «հար», իսկ արևելյան բարբառներում՝ «հէր». նա աշխատում է պարզել, թե ինչու՞ համար այդպես է կացությունը։

Իմ նպատակն է այս կարգի խնդիրներ հուզել և նրանց պատասխանը գտնելուն հետամուտ լինել։ Ինձ թվում է, որ շատերի համար կարող է հետաքրքրական լինել այս աշխատանքը։ Պարզել մթինը գրավիչ է մարդու համար, մի տեսակ ճամփորդություն է անկոխ աշխարհների մեջ, ուր ամեն քայլափոխին նոր տեսարան է բացվում մարդու առջև։

Ինձ թվում է, որ կլինեն ընթերցողներ, որ կհետևեն իմ խարխափումներին և կուրախանան ինձ հետ, եթե հաջողեմ գյուտեր անել։

Այս հետազոտության ընթացքին ես իբր հիմնական և ղեկավար սկզբունք ունեմ լեզուների փոփոխության անվիճելի փաստը։ Լեզվի դարավոր հոլովույթը այն հիմնական սկզբունքն է, որ շարունակ, արթուն պահակի պես՝ հսկելու է հետագա աշխատանքիս։

Մտածությանս այդ տրամադրությունը կարելի է ձևակերպել այսպես. որևէ գրի առնված լեզու նույն այդ լեզվի փոփոխման մի փուլն է, որ դարձած է կայուն, նույն այդ լեզվի լուսանկարն է որոշ հասակում։ Այդ փուլից առաջ լեզուն ապրած և փոփոխված է դարեր շարունակ։

Մեր այսօրվան լեզվի մեջ այս կամ այն ձևի տակ դեռ հնչում է մեր վայրենի նախահոր բարբառը, ինչպես մեր այսօրվան նրբագույն կերպարի մեջ տրոփում է հին մարդու կոշտ հյուսվածքն արտադրող ճիգը։ Բոլոր գրի առնված լեզուների մեջ մենք հանդիպում են մեռնող, տիրական և նորածիլ ձևեր, ինչպես այս վայրկյանին մարդկային սերունդը