Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղած են *քրմայ, *ծաղիկայ։ Իրենց սեռականների բազմազանությունը ապացույց է, որ նրանք բավական դեգերած են հին բարբառների մեջ, հարելով հոլովական այս ու այն կարգին։ «Քուրմ» բառի հոգնակի ուղղականը է «քուրմունք», իսկ «ծաղիկ» բառինը՝ «ծաղկունք»։ Այս ձևերը ենթադրում են *քուրմն և *ծաղիկն եզակիները և քրմանց և ծաղկանց հոգնակի սեռականները։

Եվ իրոք կան այդ սեռական ձևերը։ Դեռ դասական շրջանում նրանց եզակի ուղղականները մաշված էին արդեն. փոխանակ *քուրմն և ծաղիկն ձևերի՝ մենք ունինք քուրմ ու ծաղիկ. նրանք կորցրած էին իրենց հնագույն ն–երը ճիշտ այնպես, ինչպես դասական շրջանի «հարսն» և «մատն» բառերը կորցրած են իրենց ն-երը հետագային և դարձած են «հարս, մատ»։ *Քուրմն և *ծաղիկն ձևերը ենթադրում են *քրման և ծաղկան սեռականները, որ սակայն միայն ծաղիկ բառն է պահած. մյուսն ուրեմն կորած է դասական շրջանից առաջ։ Չեն մնացած և *քրմայ և *ծաղկայ սեռականները, որ ենթադրելի են «քրմաց և ծաղկաց» հոգնակի սեռականների հիման վրա։ Եզակի սեռականները հետևած են «բան, բանի» հոլովական կարգին և դարձած են «ծաղկի, քրմի». բայց «ծաղիկ» բառը գնացած է և ուրիշ շավղով, որով ձևացած են «ծաղկոյ, ծաղկոց» սեռականները։ Հիմա դժվար է որոշել, թե այս ձևերից ո՛րը որ գավառից է մտած գրաբար լեզվի մեջ։

Դժվար է և մի կտրուկ կարծիք կազմել այս բազմազան ձևերի անցումների մասին։ Ի՞նչ են սրանք. տարբեր հոլովական կարգերի նմույշնե՞ր են, թե նույն հոլովական կարգի հաջորդական փոփոխություններ։ Մի նախավոր ձևի շառավիղներ են հորիզոնական ուղղությամբ, թե՞ մի ձևի հոլովույթ են ձգված դեպի մեզ։ Մանր քննություն է պետք այս խնդիրը լուծելու համար։ Գրաբար լեզուն մի հին բարբառ է գրի առնված։ Նրա կողքին մեր երկրի հեռավոր ու մերձավոր գավառների մեջ խոսվում էին տարբեր բարբառներ։ Ո՞վ կարող է պնդել, թե այն բարբառների մեջ, որ գրականություն չունեցան, տարբեր հոլովական կարգ չկար, քան գրաբարի մեջ։ Այսինքն ո՞վ կարող է պնդել, որ «մարդոյ» ձևից է առաջ եկած հետագա «մարդի» ձևը և ոչ թե երկուսն ևս ժամանակակից են, միայն թե մեկը գրի առնվեց ու դարձավ «գրաբար», իսկ մյուսը գավառական անշքության մեջ ապրեց մինչև մեր օրերը։ Ահավասիկ Արցախի բարբառը. գրաբարն ասում է. «հացիւ, գործով, ժամու, տամբ». ղարաբաղցին անխտիր ասում է. «հացաւ, գործաւ, ժամաւ, տնաւ»։ Այս գործիական ձևերից ո՞ր մեկն է նախնականը։ Գրաբարն ունի Արցախի գործիականը՝ «կարգաւ, Մեսրոպաւ»։ Ուրեմն Արցախի գործիականն՝