իբր ձև՝ նոր չէ. նա ավելի հին է, քան գիրն ու գրականությունը։ Բայց ինչու՞ մի տեղ գործիական ձևերն այնքան բազմազան են, իսկ մի ուրիշ տեղ այնքան միակերպ. արդյոք Ղարաբաղի բարբառն է աղքատացած նմանաձև կազմությամբ, թե Ոստանիկ բարբառն էր ճոխացած տարբեր բարբառական գործիականներով, ձևեր, որ շփոթ ստեղծելով Ոստանիկ բարբառին հատուկ հոլովական կարգի մեջ՝ իրենց բնավայր գավառներում իշխում էին միահեծան և տիրաբար ինչպես աւ ածանցը Արցախում։
Սրանք խնդիրներ են, որոնց պարզաբանության համար անհրաժեշտ է նախապես մեր շեշտադրությունն ուսումնասիրել և հնչյունների փոխանցումները բանաձևել։
Մենք մի շարք բառեր ունինք, որ երկու կերպ են արտասանվում. այսպես՝ «մանըր, ծանըր, բարձըր» և այլն, որ արտաբերվում են նաև իբր «մանրը, ծանրը, բարձրը»։ Այս արտասանությունը կախում չունի այդ բառերի ըր ձևն ունեցող ծածուկ վանկերից։ Ղարաբաղցին ասում է նաև «եզը, հարսնը, ոննը (ոտնը), մաննը (մատնը)» և այլն։ Ուրեմն սա վերջին ծածուկ վանկերն արտասանելու մի կարգ է։
Այս կարգի բառերն ուրիշ բարբառների մեջ ավելի որոշ են հնչում իրենց խուսափուկ ը-երը, թեև կորցրած են վերջին ն-երը։
Օրինակ, ասում են (Երևան, Թիֆլիս և այլուր). «Ինձ համար մի գառը բեր», բայց չեն ասում. «մի ծառը կտրի», այլ՝ «մի ծառ կտրի»։ Ասում են՝ «Մի մատը մեղրը դառանք աշխարհքում», այսինքն՝ խոսք ու զրույցի նյութ դարձանք, ծաղր ու ծանակ եղանք, բայց չեն ասում. «մի հատը գուլպա գործեց», այլ՝ «մի հատ գուլպա գործեց»։
Այս հատուկ արտասանության պատճառն այն է, որ ժողովրդի գիտակցության մեջ դեռ վերջապես իր հոգին չի ավանդել այդ բառերի հին «գառն, մատն» ձևը. թեև վերջին կորցրած՝ բայց նրանք դեռ մնում են իբր «գառը, մատը». իսկ «ծառ» և «հատ» բառերը ծածուկ վանկ չեն ունեցած, ուստի նրանք արտասանվում են սովորական խուսափուկ ը-երով։ Այդպես ասում են նաև՝ «մի բեռը գարի, մի լավ սերմը, մի սիրուն հարսը»։ Տեղ-տեղ այս վերջին հետքն անգամ կորչելու վրա է և արտաբերում են «մի բեռ գինի, մի սիրուն հարս, մի մատ մեղր, մի լավ գառ» և այլն։
Արտասանության այս կարգը կարելի է համարել ձայնավորի պարզ տեղափոխություն, ինչպես կա բաղաձայների տեղափոխություն. «ականջ, անգաճ, անջակ»։ Այս հաշվով՝ «մանըր»–«մանրը»։ Բայց նկատի