Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենալով մեր ասածն այն մասին, թե մեր բառերը հին ժամանակ ձայնավորով էին վերջանում, ինչպես վրաց բառերն են այսօր, կարելի է այս երևույթին տարբեր բացատրություն տալ։

Գրաբարում մենք ունինք վերը բերածս բառերի սեռականները «մեղու, բարձու, փոքու, մանու» ձևով։ Ուղղականի մեջ շեշտն առաջին վանկի վրա լինելով՝ այս բառերը բնական կարգով պիտի սղեին իրենց վերջին վանկի ձայնավորները և դառնային «մե՛ղր, բա՛րձր, փո՛քր, մա՛նր» և այլն, իսկ սեռականի մեջ շեշտը վերջին վանկին զարկելով՝ պիտի տար «մեղու՛ր, ծանու՛ր, մանու՛ր»։ Ր հնչյունի կորուստը տարբեր երևույթ է և կապ չունի մեր քննած խնդրի հետ։

Բայց մենք ունինք «մեղրը, ծանրը, մանրը, թանձրը» ձևով արտասանություն։ Մեզ թվում է, որ այդ ձևերը այն խավն են, որ ընկած են «մեղր, մանր, ծանր» և սրանց նման ձևերի տակ։ Դրանք պիտի լինեին իբր *մեղուրու, *մանուրու, *ծանուրու և այլն։ Այս հնագույն ձևից կարող էին առաջ գալ թե՛ մեկ և թե՛ մյուս արտասանության կերպը։ Նրանց շեշտադրության տարազը պետք է լիներ մի տեղ -՛ V–,և մյուս տեղ՝ –՛–V. առաջինը պիտի սղեր միջինը ը-ը, երկրորդը՝ վերջինը ը-ը և պիտի մեկը դառնար մե՛ղ(ը)ր ու մյուսը մե՛ղուր(ը)։ Այս ձևի տակ իբր երկվանկ բառեր, որ շեշտված են -՛ V– տարազով, պիտի սղեին իրենց երկրերդ վանկերը և մեկը դառնար մե՛ղրը, մյուսը՝ մե՛ղըր-մե՛ղր։ Եվ սա հավանական է, նկատի ունենալով նրանց հոգնակի ուղղական ձևերը. «մանունք, ծանունք, բարձունք» և այլն։ Այս ձևերը ենթադրում են «*մանրն, ծանրն» և այլն ավելի հին ձևեր, որ ամփոփում են սրանցից ավելի հին *մանուրուն, *ծանուրուն ձևերի։ Կորցնելով ն, սրանք պիտի դառնային *մանուրու, *ծանուրու, այսինքն ճիշտ այն ձևերը, որ մենք ենթադրեցինք, հետագա երկշավիղ սղման հետևանքով՝ մի գավառի մեջ պիտի դառնային «մանըր», մի ուրիշ գավառի մեջ՝ «մանըր», «*ծանրը և ծանըր»։ Վերջին ն-երի կորուստը հին երևույթ է. նա մի օրենք է, որ ազդած է նաև դասական շրջանից առաջ. դրա ապացույցները տեսանք քար, ծաղիկ և նման բառերը քննելու ժամանակ, որոնք քարամբ, ծաղկամբ գործիական և քարանց, ծաղկանց հոգնակի սեռական կարող էին ունենալ այն պայմանով միայն որ եզակի ուղղականի մեջ հնչեին իբր քարն, ծաղիկն։

Լեզվաքնին մարդը միշտ պետք է հիշե Լիր թագավորի այն խոսքը, որ ասաց իր կրտսեր աղջկան, երբ սա, խուսափելով շոյել իր հոր հիվանդոտ ինքնասիրաթյունը՝ չկամեցավ փքուն խոսքերով իր սերը հայտնել, այլ գոհացավ ճշմարիտ ու անկեղծ, բայց անշուք խոսքերով։ –Ուրիշ ոչի՞նչ. հարցրեց հայրը – Ոչի՛նչ, պատասխանեց ազնիվ աղջիկը. – Ոչնչից