Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարբառները, ինչպես ունեցած են շատ օտար լեզուներ, որ իրենց ձայնաշարի մեջ ց ունեն։ Եվ ավելի ընդհանրացնելով հարցումս՝ ես ասում եմ. արդյոք բովանդակ հայոց լեզվի հատկությունը չէ՞ տ և ս ձայներն իրար ձուլել և ց կազմել, երբ նրանք անընդմիջաբար գալիս են իրար մոտ. որ նշանակում է. արդյոք մեր լեզվի բոլոր ց-երը մի ժամանակ տս խումբը չե՞ն եղած, իսկ ավելի հին ժամանակ՝ լիահնչուն անշեշտ վանկեր, որոնց ձայնավորները չքացած են և եզերական տ և ս ձայներն իրար ձուլվելով՝ տված են ց։

Անվիճելի է, որ պացխուն և արցունք բառերի մեջ ց-երը նախնական չեն, այլ հետագա հոլովույթի արդյունք են։ Դրա ապացույցը պատասխանի և արտասուք նախնական ձևերն են, որ մեզ ավանդած է դասական լեզուն և մնում են շատ բարբառներում առանց միջի ձայնավորը չքացնելու և ց-երը կազմելու։ Եթե չլինեին պատասխանի և արտասուք բառերը՝ մենք որտեղի՞ց կարող էինք իմանալ, թե պացխուն և արցունք բառերի ց-ն վաղեմի տաս լիաձայն վանկի եզերական ձայների ձուլումից է ծագում։ Այն հանգամանքը, որ մեր ց ունեցող անհամար բառերի նախավոր ձևերը չունինք՝ բավարար հի՞մք է պնդելու, որ մեր ց ձայնն ընդհանրապես հին ձուլումի արդյունք չէ։ Անկասկած ոչ։ Մեր լեզվի բարբառներից մեկը - կիլիկյանը - ձուլած է տս խումբը և տված է ց։ Ո՛չ մեկ հիմք կա կարծելու, որ ձուլման այդ ունակությունը չեն ունեցած և մեր մյուս բարբառները։ Մենք իրավունք ունինք ենթադրելու, որ բովանդակ հայոց լեզուն ունեցած է այդ ունակությունը և եթե դասական լեզուն մեզ չի տալիս պացխուն և արցունք՝ դրա պատճառն այն է, որ նա պահած է տաս վանկի ձայնավորը. եթե չքացներ այդ ձայնավորը՝ նա նույնպես կձուլեր տ և ս եզերական ձայները և կտար ց, որովհետև, ինչպես տեսանք, առաջ է գալիս այն ժամանակ, երբ տ և ս ձայներն անմիջաբար դառնում են կից և ձուլվում են իրար։ Մենք տեսանք, որ ձայնագիրը հաստատում է, թե բոլոր ց-երը բաղադիր ձայներ են, հետևապես տ և ս ձայներ ձուլելու ունակությունը մարդկային լեզվին հատուկ է, ուրեմն ենթադրելի է նաև մե՛ր լեզվի համար։ Հ.Վ. Հացունու կազմած զուգադրության մեծարժեք ցանկի մեջ մենք չենք հանդիպում տս զուգադրությանց[1]։ Այս հանգամանքն անուղղակի ապացույց չէ՞, որ

  1. Տե՛ս. Հ. Վ. Հացունի, Ուղղագրություն և առոգանություն հայերենի, 1933, էջ 367 և էջ 216, ուր բերված են երեք բառ. կրտսեր, որ ինչպես տեսանք՝ ունինք և կրցեր ձևով. պատըսպարել, որ արտաբերում ենք պատըսպարել, որով ը-ը արգելք է դառնում կցման ու ձուլման, և աղքատսիրություն, ուր լեզվական գիտակցության համար դեռ շատ որոշ են բաղադրիչ մասերը աղքատ և սիրություն, ուստի արտաբերում ենք անջատ, հետևապես տ և ս անընդմիջաբար չեն գալիս իրար մոտ և ձուլման պայման չի ստեղծվում։