Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրոցների կամ դասախոսությունների հոգսն ու ղեկավարելը յուր վրա առնել, այդպիսի «բարիքներից» զուրկ են նույնիսկ մեր գավառական քաղաքները։ Դրանց վրա պետք է ավելացնել և մի քանի ուրիշ աննպաստ պայմաններ...(Մեզ թվում է, թե հրատարակչական ընկերությունն այդ միտումներով է առաջնորդվել, այդ կարիքն է աչքի առաջ ունեցել, որը սակայն մինչև այսօր էլ, մնում է կարիք, որին շատ չնչին չափով բավականություն է տվել հրատարակչական ընկերությունը)։

Հառաջադիմելու ամենահուսալի ճանապարհն անշուշտ ինքնակրթությունն է։ Այդ մտքով մի անգամ տոգորված նրան հետևող մարդը անդադար առաջ է գնում հարթ մակերևույթի վրա գլորվող գունդի նման, որին խթան տվել են ուսումնարանում։ Սակայն այդ ձգտումն ունեցող մարդիկ միշտ շատ քիչ կան։ Դրա պատճառները պետք է որոնել մեր դպրոցական գործը ղեկավարողների դեպի իրենց պարտավորությունն ոչ լուրջ ու բարեխիղճ վերաբերմունքի մեջ։ Մեր թեմական դպրոցներում նույնիսկ սովորողները դպրոցից այդ ձգտումը չեն դուրս բերում, ուսուցիչները այդ մոռացության են տվել, ուր մնաց ծխական դպրոցներում։ Ես իմ ամբողջ ուսումնարական կյանքում չեմ հիշում որևէ ուսուցչի, որ ասեր ու բացատրեր ինքնակրթության մեծ օգուտը, այդ կխոստովանեն և շատ շատերը, բախտի բերմամբ եթե հաջողում է մեկն ու մեկին պատահել որևէ գրքի կամ որևէ մարդու, որ նրան խթան լիներ և առաջ մղեր ինքնակրթության ճանապարհով... լավ, թե չէ, մեծ քանակությամբ մարդիկ եմ ճանաչում, որոնք ուսումնարանից դուրս գալուց հետո բացի լրագրից ոչ մի գիրք չեն առել ձեռքերը։

Այս հաջողությամբ կարելի է <գլուխ> բերել թեմական դպրոցներում, ծխական դպրոցներում դա անկարելի է, այնտեղ ամենամեծ խնդիրը ընթերցանության սեր զարթեցնելն է, որին ապա կհետևի և որոշ չափով մտավոր ու բարոյական զգացում։ Ինձ գալով, ես ծխական դպրոցների նպատակը կսահմանեի այսպես. նոցա նպատակն է զարթեցնել ընթերցանության սեր և բաց թողնել։ Հոդվածս ես դիտմամբ աղջկերանց կրթության պակասի վրա ուշադրություն դարձնելով սկսեցի։ Մենք շատ սիրում ենք կրկնել յուրացրած կամ չյուրացրած մտքեր, բայց շատ քիչ մտքեր և շատ դանդաղ կերպով են իրագործություն գտնում։ Ինչ էլ լինի կնոջ մասին մեր ունեցած հայացքը, ինչպես էլ նայելու լինենք նրա իրավունքների, դիրքի, կոչման և <այլնի> վրա, մի խոսքով որ կողմից էլ քննելու լինենք «կանանց խնդիրը», մի բան մեզ համար անկասկած է. այդ այն է, որ հասարակական այժմյան կազմակերպության մեջ կինը ծնում է և դաստիարակում յուր երեխաներին, նա մայր է։ Եվ բոլոր այն