Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մխիթարյանների գրական ժառանգությունը ևս, մասնավորաբար Ղ ․Ալիշանի հայրենասիրական երգերը, որոնք «մեծ ազդեցություն են ունեցել ռուսահայ գրականության վրա»։ Այնուամենայնիվ նոր գրականության հիմնադիր դիտում է Խ․ Աբովյանին։ Առանձին հոդված չի նվիրել նրան, բայց տարբեր առիթներով գնահատել է։ Աբովյանն իսկական հայտնություն էր, «հայ հանճարի ծնունդ», որի «իրական բովանդակությամբ և ազգային ուղղությամբ» վեպը «հիմնական ուղին գծեց հայ գրականության»։ Այնուհետև բացում է «իրապաշտ բովանդակության» իմաստը, իրական կյանքից առնված պատկերներ ու հերոսներ, ժողովրդական վարք ու բարք։ «Նոր գրականության հայր» Աբովյանը «սիրով ու պատվով հետ կանչեց գյուղացուն իր տրեխով ու մորթե փափախով, իր ցնցոտիներով ու խոնջացած մարմնով և գրականության մեջ առաջնակարգ ու պատվավոր տեղը հատկացրեց նրան։ Այս մի շատ կարևոր և երջանիկ հանգամանք է, որ մեր գրականությունը հենց սկզբից այդպիսի առողջ հողում է տնկվել, այդպիսի առողջ հիմքերի վրա է դրվել։ Գյուղացին մտավ գրականության մեջ, միայն նրա մի ճյուղի՝ վիպագրության մեջ»։ (Մուրճ, 1897, № 7-8, էջ 1060)։

«Հորիզոնի» և «Նոր հոսանքի» հոդվածներում, գերազանցապես հայ դասականներին նվիրած խմբագրականներում ու առաջնորդողներում, դիմանկարներում, գրախոսականներում հանդիպում են բնութագրումներ, գնահատականներ, տեսական ընդհանրացումներ, որոնք հայտնաբերում են մի ճշմարիտ հայացք նոր գրականության անցած ուղու, զարգացման գլխավոր օրինաչափությունների, նրա իսկական մեծությունների գրաված տեղի ու նրանց վաստակի գնահատման վերաբերյալ։

Տարեգրի համբերությամբ անդրադարձել է գրական համապատկերը թեկուզ ինչ-ինչ նրբագծերով հարստացրած հեղինակներին, չխուսափելով անողոք քննադատության ենթարկել բոլոր նրանց, ում Մուսայի փոխարեն «ժպտացել է» «հուշկապարիկը»։ Սա էլ գրական քննադատի պարտականություններից էր համարում։

Նշելով, որ մեր գրականությունը զարգացել է հայրենիքի սահմաններից դուրս նույնպես՝ «ԺԱ դարուն, Կիլիկիա, ԺԶ․ դարուն՝ Պոլիս, Եվրոպա, ԺԸ դարուն՝ Մխիթարյան վանք», հատուկ ընդգծում է արդի զարգացման արգասավոր ընթացքը՝ «Ի դարուն է վերջապես, որ մենք այսօր Հայաստանի մեջ ունինք հայոց գրականության ամբիոն մը, ուր կրնանք մեր գրականությունը ուսումնասիրել մեր հողին վրա» («Ամբողջական երկեր», հ․ IV, էջ 246)։ «Մեր հողին վրա» լինելու հանգամանքը գրականության զարգացումը տանում է «դեպի հայրենացում և ազգայնացում» ․․․

Աղբալյան քննադատի մեծագույն ծառայություններից էր այն, որ նա քննադատությունը ազատեց խմբային-կուսակցական մոտեցումներից՝ հայտարարելով, թե իսկական արվեստագետի «հայացքը լայն է և չի ճանաչում կուսակցություն»։ «Լայնազդեցիկ են» այն ստեղծագործությունները, որոնք «խոսում են լայն բազմության մտքին ու սրտին», իսկ «խմբական շահեր, գաղափարներ» արտահայտող երկերը կարճատև կյանք ունեն և գեղարվեստական չեն։ Այս սկզբունքի ամենահետևողական կիրառողը ինքը եղավ։

Առանձին մտքեր, ձևակերպումներ կարելի է վիճարկել, սակայն գրական իրողություններին և նշանավոր ներկայացուցիչներին տված բնութագրումները գիտական նշանակությունը պահպանում են այսօր ևս։