հրդեհ,– հայացքներս հրարձակ՝ հպումներս հորձք...» (էջ 2)։ Նկատեցիք անշուշտ «ժ»երն ու «հ»երը։ Կամ թե՝ ցանկությունը ցավի պես խոր, ցանկությունը խիթի պես, ցանկությունը, որ խոցում է, խոստում (բայը՝ խոստել) (էջ 25). այստեղ էլ «ց»–եր են և «խ»–եր։
Գր. Մագիստրոսը մի գրասեր և մեծամիտ ավատական էր, իրան սերած էր համարում Ս. Գրիգորի ցեղից և վերը մեջ բերած տողերը ուղղում էր մի քահանայի՝ նրան ճզմելու համար իր գիտունի հեղինակության տակ ու թեև նա խրթնաբան է ամեն տեղ, բայց «Գամագտականի» մեջ գերազանցում է ինքն իրան։
Մեր հեղինակը, որին գրության ձևի կողմից ես կանվանեի Գր. Մագիստրոսի հետնորդ, ինն դար անցնելուց հետո՝ նույն խաղն է խաղում մեր ընթերցող հասարակության գլխին՝ իր խրթաբան ոճով նեղը լծելով նրան։
Գրության նույն տարօրինակ ձևն ունին և Գր. Նարեկացու տաղերը և շատ ուրիշ, ավելի աննշան հեղինակների գործեր։ Այս երևույթի պատճառները քննելը չէ մեր նպատակը, այլ միայն ցույց տալ, որ Ի. Իսահակյանի գրության ձևն աննախընթաց չէ մեր գրականության մեջ։
Բայց այն, ինչ ներելի էր ԺԱ դարում մի մեծամիտ և ինքնահավան ավատականի, ներելի չէ մեր քաղքենի և ռամկավար դարում մի սկսնակ հեղինակի։ Գրվածքը պետք է անմիջապես մատչելի լինի իր կառուցվածքի կամ հորինվածքի և լեզվի պարզությամբ. այս մեկը չպետք է մոռանան հեղինակները։ Նա պետք է անմիջապես գրավե ընթերցողին, նա կարող է շատ խորին իմաստ ունենալ և անհունապես շատ ապրումներ խտացնել, բայց առաջին իսկ հայացքից նա չպետք է վանե, այլ քաշելով ընթերցողին դեպի մուտքը՝ դրդե նրան շենքի խորքերն անցնելու։
Այս տարրական պահանջը անգիտացել է մեր սկսնակը և դրանից պիտի տուժեն թե ինքը և թե իր գործը, մինչդեռ երկուսն էլ արժանի են ուշադրության։
Գրվածքն իր ձևով գրական ոչ մի սովորական տեսակի չի հարմարում. սա ո՛չ վեպ է, ո՛չ պատկեր, ո՛չ զրույց, ո՛չ հեքիաթ. սա մի զեղում է կամ լավ ևս մի խանդավառ հիացում սիրո գոյության և նրա արթնանալու առիթով՝ գարունքին։
«Հեքիաթ արևի տակ» գրվածքը քսան գլուխ ունի, որոնցից երկուսը (Դ., ԺԳ.) նույնիսկ հեղինակի գրության կերպն ի նկատի առնելով՝ անհաջող են, իսկ մեկը՝ (Թ.) թույլ։ Բոլոր գլուխները, չնայած գրության խրթին լեզվին և նյութի անսովոր մշակության՝ կապված են իրար և կազմում են մի ամբողջություն։
Ի՞նչ է սերը. դա մի տենչ է դեպի հեքիաթ - աղջիկը, մի տենչ, որ ծնում