Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է արևազուն թագավորի (երիտասարդի) սրտում և ստիպում նրան որոնելու Երազ - Աղջկան։ Եվ ահա նա սիրում է շատ աղջիկներ, որոնցից ամեն մեկը որևէ բանով նման է Երազ - Աղջկան, բայց և որոնցից ոչ մեկը նա չէ լիովին։ Սիրո մի ըմբռնում, որի հար և նմանը տեսանք Մ. Մանվելյանի “Victus Vos Salutat" փոքրիկ գրվածքում։

Եթե նկատի առնենք, որ այս երկու հեղինակներն իրար վրա չեն ազդել և հակադիր խառնվածք ունեն, ապա հայացքների այս նույնությունը չափազանց նշանակալից կդառնա։ Իսկ եթե սրանց ավելացնենք նաև Վ. Տերյանին, որ նույնպես տարված է մի անուրջ-աղջկա տենչով՝ այն ժամանակ պետք է կարծել, որ այդ է այն նոր խոսքը, որ մեր գրական նոր սերունդը ասում է սիրո մասին։

Երեքն էլ նույն հայացքն ունին սիրո վրա և նույն կերպ են մեկնում նրա ծագումը, միայն թե Վ. Տերյանը մեղմ է, Մ. Մանվելյանը վհատ, իսկ Ի. Իսահակյանը՝ հախուռն։

Առաջինը դեռ որոնում է հավատով, երկրորդը՝ հիասթափ լքում է սեր ու կին, իսկ երրորդը՝ դեռ նոր է զգում երազ - աղջկա հմայքը։ Երեքն էլ սիրո վրա բնախոսական տեսակետ չունեն, չունեն նաև բարոյական տեսակետ. երեքի հետաքրքրությունն էլ իմաստասիրական է, եթե կուզեք՝ գեղագիտական, միայն Վ. Տերյանն ավելի բանաստեղծ է և երազուն, Մ. Մանվելյանն ավելի ապրած ու արձակունակ, Ի. Իսահակյանն ավելի անփորձ և խանդավառ։ Առաջնի մեջ կա մի ազնիվ տրտմություն, երկրորդի մեջ մի դառն հուսախաբություն և երրորդի մեջ մի տենչալից սպասում։

Ի. Իսահակյանը իր տրամադրությամբ շատ է տարբերվում մյուս երկուսից և թվում է մի նոր աստիճան մեր մատաղ սերունդի վերելքին։ Նա դեռևս՝ իր բառով ասենք մի «խազմուզ» է, այսինքն քաղցու, նոր գինի, ամբողջովին եռ ու եփի մեջ. թե ինչ կդառնա կյանքի մեջ այդ գինին, երբ եփը նստի՝ առաջուց դժվար է գուշակել։

Նա նախազգում է կնոջ հմայքը, բայց դեռ չի ճանաչում նրան. տրտմությու՞ն է սպասում նրան, ինչպես Վ. Տերյանին, թե հուսախաբություն, ինչպես Մ. Մանվելյանին, ո՞վ կարող է գուշակել։ Բայց իր բարձր տրամադրությունը մեզ համար մի նշան է, որ նոր սերունդի վրայից կարծես անցնում է վհատության կործանիչ հորձանքը և թարմ ծիլերը հավատով ու վստահությամբ նոր կյանքի են բարձրանում, հոգ չէ, որ առայժմ սիրո շրջանում։ Ազնիվն ու արին միշտ հաղթանակում են այսօր սիրո մեջ, վաղը՝ հասարակական կյանքում։ Ի. Իսահակյանի գիրքը այս տեսակետից մի սրտապնդիչ «նշան է ժամանակաց»։