Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ

(3 սեպտեմբերի, 1990թ.)

Հարգելի գործընկերներ, Ղարաբաղյան կնճռի հնարավոր զարգացումները կանխատեսելու հարցում, իմ կարծիքով, հարկ է նախ եւ առաջ պարզել Կենտրոնի դիրքորոշումը։ Քանի դեռ Կենտրոնն իր հստակ դիրքորոշումը չի արտահայտել, ես կարծում եմ, հնարավոր չէ այս հարցն Ադրբեջանի հետ լուծել ո՛չ պատերազմի, ո՛չ էլ բանակցությունների ճանապարհով։ Որովհետեւ երկու դեպքում էլ Կենտրոնը կարող է խանգարել՝ ե՛ւ պատերազմ մղելուն, ինչպես տեսանք Նոյեմբերյանում, ե՛ւ բանակցություններին։ Ինչո՞ւ, որովհետեւ Կենտրոնը մի կողմից երկու կողմերին կոչ է անում հարցերը լուծել բանակցությունների միջոցով, եւ դա, ըստ երեւույթին, բնական ճանապարհն է, բայց մյուս կողմից՝ իր միջամտությամբ, Արցախում իր ներկայությամբ եւ հաստատած ռազմական դիկտատուրայով, փաստորեն, վիժեցնում է այդ բանակցությունների հնարավորությունը։ Սա ասված է նրանց. Թե՛ Գորբաչովին է ասված, թե՛ Ռիժկովին, եւ թե՛ մյուս ղեկավարներին։ Ուրեմն, մինչեւ երրորդ կողմը չդադարեցնի իր միջամտությունը, անհնար կլինի որեւէ հստակեցում կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հետեւաբար, այսօր մեր գերխնդիրն է ստիպել Կենտրոնին պարզելու իր դիրքորոշումը։ Դրա համար կան ե՛ւ քաղաքական, ե՛ւ քարոզչական, ե՛ւ ուժի ցուցադրման միջոցներ։ Այս բոլոր միջոցներն էլ մենք պետք է կիրառենք, որովհետեւ քաղաքականությունը բաղկացած է նշված երեք բաղադրիչներից։