Բայց դրա համար մենք նախ եւ առաջ պետք է քաղաքական պարտնյոր դառնանք։ Ինչպե՞ս կարող ենք մենք քաղաքական պարտնյոր դառնալ, եթե Հայաստանում փաստորեն անիշխանություն է տիրում։ Անիշխան հանրապետության հետ ոչ ոք չի ուզի հաշվի նստել՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Ադրբեջանը։Դրանով էր բացատրվում, որ խորհրդարանի ընտրությունից հետո մեր գերխնդիրը համարեցինք Հայաստանում ուժեղ իշխանության հաստատումը։ Եւ սա, կարծում եմ, ոչ ոքի կողմից չի կարող վիճարկվել։ Մինչեւ մենք չապահովենք մեր հանրապետության կայունությունը, մինչեւ մեր ձեռքը չվերցնենք իրավիճակի հսկողությունը, վերջ չտանք զինված ջոկատների վտանգավոր, արկածախնդրական ինքնագործունեությանը, մինչեւ վերջ չտանք մաֆիայի կողմից շարունակվող ալան-թալանին, երբ այսօրեւեթ, այս վայրկյանին վատնվում են մեր ազգային հարստությունները, բոլոր բազաներից շուտափույթ կերպով յուրացվում ու իրացվում են արտասահմանյան ապրանքները, երբ այսօր էլ, այս վայրկյանին պաշտոններ են վաճառվում, երբ Հայաստանի պետական անվտանգության կոմիտեն եւ ներքին գործերի մինիստրությունը սաբոտաժի են ենթարկում մեր բոլոր ձեռնարկումները, ահա, այս պայմաններում դուք ուզում եք հաշի՞վ տեսնել Ադրբեջանի հետ։
Դուք չարաչար սխալվում եք։ Դուք մեր ազգի առջեւ կործանման դուռ եք բացում դրանով։ Եւ ես վստահ եմ, որ Ադրբեջանի այս վերջին ակտիվությունը հենց այսպիսի ռեակցիա էր նախատեսել մեր կողմից։ Որովհետեւ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կայուն Հայաստանը շատ ավելի լուրջ հակառակորդ է իր համար, քան նույնիսկ հազարավոր, տասնյակ հազարավոր զինված ջոկատների գոյությունը։ Վերջինս պարզապես քաղաքական խաղաքարտ էր, որ Ադրբեջանն օգտագործում էր։Դեպքերի շղթան ցույց է տալիս, որ Ադրբեջանը վարում է Հայաստանի ապակայունացման քաղաքականություն, եւ այդ ակտիվացումը նկատվեց հենց այն բանից հետո, երբ Հայաստանում միտումներ նկատվեցին դրության կայունացման ուղղությամբ։ Հիշենք Նոյեմբերյանի դեպքերը, որին տուրք տվեցին տաքգլուխ, արկածախնդիր եւ մաֆիայի կողմից կառավարվող քրեական տարրերը, ինչպես նաեւ՝ մեր խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ, որոնք, ժողովրդին ապակողմնորոշելու համար, հարցը շարունակարծարծում էին այս ամբիոնից։