Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ում միջոցով պետք է փոխանցել։ Այստեղ կառավարությունից ուղղաթիռ, օդանավ կամ ինչ-որ խաղալիքներ պահանջել՝ դա, պարզապես, ինչ ասեմ, անլուրջ շանտաժ է մեր իշխանությունների նկատմամբ։ Անլուրջ շանտաժ, որ արվում է սպեկուլյատիվ նպատակներով։ Սա վերաբերում է նաեւ պարոն Աղաջանյանին։ Ես պարոն Աղաջանյանին բազմիցս լսել եմ, բազմիցս ընդունել եմ Արցախի պատվիրակությանը. այստեղ ներկա են, կարող են վկայել։ Համատեղ քննարկել ենք այն ամենն, ինչ այստեղ առաջարկվում է, բայց դա արդեն արվել ու արվում է։ Համատեղ քննարկել ենք մեր բոլոր ծրագրերը, առաջիկա միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել Արցախում, եւ, եթե մի բան նրանց դուր չի եկել, դա դեռեւս հիմք չի տալիս այդպիսի մեղադրանքներ կարդալ Հայաստանի իշխանությունների եւ մեր խորհրդարանի հասցեին։

Արցախի հարցն, արդեն քանիերորդ անգամ եմ կրկնում, ունի երկու լուծում։ Այդ հարցի ուղղությամբ կա երկու ստրատեգիա՝ առճակատման ստրատեգիան եւ փոխզիջումների ստրատեգիան։ Մինչեւ հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով։ Մեր քաղաքականության մեջ Արցախի հարցում ոչ մի դիվանագիտություն չի եղել, դիվանագիտությունն իսպառ բացակայել է։ Մենք ընտրել ենք առճակատման ստրատեգիան, եւ, չի կարելի ժխտել, որ այդ ստրատեգիայով մենք հասել ենք լուրջ հաջողությունների։ Որքան էլ մենք չտեսնենք այդ հաջողությունները, նրանք կան։ Արցախը երկուսուկես տարի է՝ բացարձակապես անկախ է Ադրբեջանից։ Ճիշտ է՝ շատ ծանր պայմաններում, ճնշման տակ, բայց Արցախն անկախ է Ադրբեջանից։ Նա Ադրբեջանի հետ խզել է բոլոր հարաբերությունները՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, եւ թե՛ վարչական։ Ստեղծվել է մի դրություն, որը պարզապես պետք է ամրապնդել, եւ այս հաջողությունը մենք չենք կարող չտեսնել։ Առճակատումն, այո՛, բերեց լուրջ հաջողությունների։ Բայց իմ ընդդիմախոսներն ինձ պետք է ապացուցեն, որ առճակատումն այսուհետեւ էլ կտա դրական արդյունք