աջակցությունից օգտվելով՝ մենք կարող էինք բարձրացնել մեր միլիցիայի եւ անվտանգության մարմինների հեղինակությունը եւ հեշտությամբ պայքարել ջոկատների դեմ։ Այդպես էլ եղավ։ Դուք տեսաք՝ անարյուն եղանակով մենք փաստորեն հօդս ցնդեցրինք այն առասպելը, որ գոյություն ուներ զինված ջոկատների, մասնավորապես ՀԱԲ-ի մասին։ Եւ եթե հիմա նույնիսկ ներկա իշխանությունները հեռանան քաղաքական ասպարեզից, նրանք արդեն մեծ պատմական առաքելություն են իրականացրել, քանզի քաղաքացիական պատերազմը տասնամյակներ շարունակ ազդում է ցանկացած ժողովրդի ճակատագրի վրա։ Ե՛ւ 1917-ի հոկտեմբերի, ե՛ւ Լիբանանի իրադարձությունները դրա ապացույցն են։ Ցանկացած ազգի համար ամենամեծ դժբախտությունը ոչ թե դրսի ագրեսիան է, այլ քաղաքացիական պատերազմը։ Ներկա իշխանությունների հաստատմամբ կանխվեց նաեւ արտաքին միջամտության վտանգը։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմի, ես չեմ ասում ծավալումը, այլ սկիզբն անգամ ենթադրում էր, որ Կենտրոնը պետք է զորք կիրառեր, լայնածավալ միջամտություն ցուցաբերեր այդ իրադարձություններին, ինչն ահավոր հետեւանքներ կունենար հայ ժողովրդի համար։
Եւ երրորդ՝ նոր իշխանության հաստատմամբ Հայաստանն իսկապես դարձավ քաղաքական գործընկեր ե՛ւ Կենտրոնի, ե՛ւ Ադրբեջանի համար։ Սա նույնպես օբյեկտիվ իրականություն է։ Քաղաքական գործընկեր դարձավ այն պատճառով, որ Կենտրոնը Հայաստանում զրկվեց որեւէ հենարանից։ Իշխանության գլուխ եկան մարդիկ, որոնք չեն ենթարկվում Մոսկվայի թելադրանքին։ Հայաստանը փաստորեն դարձավ, գուցե զարմանալի թվա, եթե ես այսպես հայտարարեմ՝ ամենաարմատական հանրապետությունը։ Նույնիսկ ավելի՝ քան Մերձբալթյան հանրապետությունները, որովհետեւ Մերձբալթյան հանրապետություններում Մոսկվան դեռեւս լծակներ ունի ազդելու ներքին կյանքի վրա։ Դրանք ազգային փոքրամասնություններն են, դրանք ինտերֆրոնտներն են։ Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի։ Մոսկվան Հայաստանի ներքին կյանքի վրա ազդելու որեւէ լծակից այսօր արդեն զրկվել է։ Ուստի ստիպված պետք է լինի, եւ դա արդեն երեւաց, ի դեմս մեզ՝ Հայաստանի իշխանությունների, ունենալ ոչ թե հակառակորդ, այլ քաղաքական գործընկեր։ Եւ այս փոխադարձ շահագրգռությունը, այս ռեալիզմը մենք տեսանք։ Հիմա