Էջ:Ընտրանի.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ բարձր քաղաքական գիտակցության հասած հայ ժողովուրդն ի վիճակի է արդեն իրական ազգային շահերը զանազանել քաղաքական շահարկումների առարկա դարձած գաղափարներից։

Հայ ժողովրդի խնդիրն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսակետից մեր հանրապետությունը վերածել ինքնակառավարվող համակարգի, ինքնուրույն գործող օրգանիզմի, որն ընդունակ կլինի առավելագույնս օգտվել ներքին ու արտաքին նպաստավոր հանգամանքներից եւ ժամանակին դիմագրավել սպառնացող քաղաքական ու տնտեսական վտանգները։ Ժամանակն է վերջապես լուրջ դասեր քաղել մեր պատմական դառը փորձառությունից եւ հախուռն, ռոմանտիկ ազգից վերածվել սառնասիրտ, իրապաշտ, պրագմատիկ ազգի, որի յուրաքանչյուր քայլը պետք է լինի կշռադատված, հիմնված կոնկրետ ու անվրեպ հաշվարկի վրա։

Մեր քաղաքականության հիմնական զենքը պետք է դառնա մանեւրելու կարողությունը, ճկուն դիվանագիտությունը։ Մենք պետք է ուշի-ուշով հետեւենք մեր քաղաքական գործընկերների ու հակառակորդների հարաբերություններին եւ նուրբ մանեւրներով հմտորեն օգտվենք նրանց միջեւ գոյություն ունեցող անգամ չնչին հակասություններից։ Դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ, անլուրջ քաղաքական գործողություններից, որոնք մի կողմից ավելորդ կերպով գրգռում են մեր քաղաքական գործընկերներին ու հակառակորդներին, իսկ մյուս կողմից՝ չհանգեցնելով որեւէ օգտակար արդյունքի, խորհիասթափություն են առաջացնում զանգվածների մեջ։

Քաղաքականությունը համակարգ է, ոչ թե պատահական գործողությունների պարզ գումար, ուստի ինքնուրույն քաղաքականություն վարող ոչ մի ընտրյալ իշխանություն իրավունք չունի տուրք տալ կողմնակի ճնշումներին եւ շեղվել իր որդեգրած հիմնական դիրքորոշումից։ Քաղաքականության որեւէ համակարգի կարելի է հակադրել միայն մի այլ համակարգ եւ ոչ թե նրա ոգուն հակասող առանձին գործողությունների պահանջներ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ քաղաքական համակարգը դոգմա է եւ ենթակա չէ սրբագրումների՝ պահի հրամայականին համապատասխան։

Ամփոփելով այս համառոտ վերլուծությունը՝ Հայաստանի ներկա ժողովրդավարական իշխանության որդեգրած քաղաքականության էու