ու ազատատենչ ոգին։ Բարեբախտաբար՝ ոչ։ Եւ ահա, տասնյակ տարիներ Հայոց լեռներում թնդացին խրոխտ ֆիդայիներ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Գեւորգ Չավուշի եւ շատ շատերի անմահ անունները՝ որպես արդարության ու վրիժառության խորհրդանիշներ, որպես ժողովրդական ոգու դրսեւորման արտահայտություններ։ Ֆիդայական շարժումը կոչված էր սանձելու մեր վայրագ թշնամիների ամենօրյա ոտնձգությունները, պաշտպանելու հայ գեղջուկի ոտնահարված պատիվն ու խանգարված անդորրը, հույսի շող ցոլացնելու նրա լքված հոգում։ Եւ այդ շարժումը լիովին կատարեց իր պատմական առաքելությունը՝ մեկ անգամ եւս հավաստելով հայ ժողովրդի զինական կարողությունն ու անձնազոհությունը։
Այդ տարիներին գրվեց նաեւ հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը՝ Զեյթունի լեռնականների անօրինակ սխրագործությունը։ 1895 թվականին բռնկված այդ ապստամբությունն ապացուցեց, որ համախմբվածության եւ կազմակերպվածության դեպքում թշնամու դեմ կարելի է պայքարել ոչ միայն ֆիդայական խմբակային եղանակներով, այլեւ զանգվածային ռազմական գործողություններով՝ հակառակորդի կանոնավոր բանակներին հակադրելով հայրենի լեռների անառիկ դիրքն ու մարտիկների ոգու կորովությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները լիովին հաստատեցին պատմական այս իրողությունը։ Անզեն ծերունիների, կանանց ու երեխաների հոշոտելու սովոր գիշակեր հրոսակները Հայոց աշխարհի տարբեր վայրերում հանդիպեցին կատաղի դիմադրության՝ բազմիցս մատնվելով խայտառակ պարտության ու խուճապահար փախուստի։ Վանի եւ Շատախի հերոսամարտերը, Ուրֆայի, Շապին֊Գարահիսարի, Սասնո եւ Յոզղաթի ինքնապաշտպանական գոյամարտերը մասամբ ի դերեւ հանեցին հայ ժողովրդին հիմնովին բնաջնջելու թուրքական ծրագրերը՝ վկայելով ազգի ներքին զինական կարողության եւ հոգու արիության մասին։
Դիմադրական շարժման այդպիսի օջախներից մեկն էր նաեւ Մուսա լեռը, որի հայաբնակ գյուղերի մի բուռ հայությունը, ավելի քան քառասուն օր կենաց-մահու անհավասար պայքար մղելով թուրքական կանոնավոր բանակների դեմ, կարողացավ պահպանել իր գոյությունն ու փրկվել համընդհանուր կոտորածից։ Եւ այստեղ եւս ոչ թե քաղաքական