Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Նման կարծիք կա, եւ այն անհիմն չէ, բայց այդ հակամարտությունը բարդ նախապատմություն ունի։ Այն դժվար է բացատրել միայն այդ պատճառով։
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,– Նման պնդումը կարելի էր ծիծաղելի համարել, եթե այն այդքան վտանգավոր չլիներ։ Խորհրդային համակարգն իր ամբողջ պատմության ընթացքում սեփական սխալներն ու անհաջողությունները բացատրել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամիներ փնտրելով։ Սովոր սխեմաներով էր առաջնորդվել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի դեմ հարուցված հետաքննությունը։ Հակամարտությունը կաշառակեր տարրերի, մաֆիոզ կառույցների կամ վերակառուցման հակառակորդների կողմից հրահրված լինելու վարկածի անհեթեթության մեջ կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով այդ հետաքննության ավելի քան 60 հատոր կազմող նյութերը։
― Ո՞ւմ է ձեռնտու հակամարտությունը։ Կա՞ն արդյոք նման ուժեր Հայաստանում եւ Ադրբեջանում։
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ― Իմ խորին համոզմամբ հակամարտությունը ձեռնտու չէ ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանական ժողովուրդներին։ Ըստ երեւույթին այն ձեռնտու է Կենտրոնի որոշակի շրջանակների եւ Ադրբեջանի ղեկավար շրջաններին, որոնց համար այն Գորբաչովի վերակառուցման քաղաքականության վարկաբեկման ու իշխանության համար քաղաքական պայքարում դիվիդենտներ շահելու լուրջ փաստարկ է։ Ադրբեջանի այսօրվա իշխանություններին հակամարտությունը ձեռնտու է նաեւ նրանով, որ այն հնարավորություն է տալիս ադրբեջանական ժողովրդի ուշադրությունը շեղել հանրապետության սոցիալ-քաղաքական ներքին հիմնահարցերից։
Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Հակամարտությունը չի սկսվել այն պատճառով, որ ձեռնտու է ինչ-որ մեկին։ Ավելի շուտ այն սադրեցին, որովհետեւ կային մարդիկ, որ իրենց կողմից բարձրացված աղմուկի միջոցով հույս ունեին խուսափել իրենց գործած հանցանքների համար պատասխանատվությունից։ Ձեր հարցի առիթով ես հիշեցի վերջերս «Շտեռն» ամսագրում հրապարակված մի հոդված։ Նրանում հեղինակը, ի դեպ՝ Հայաստանից, գրում է, որ ԼՂԻՄ-ում լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ 1987 թ. ԽՄԿԿ ԿԿ պլենումներից մեկում սուր քննադա