Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ։ Սա ես որպես մեղադրանք չեմ ներկայացնում, այլ պարզապես որպես իրողություն, որն, ինչպես նշեցի, թերեւս ավելի շեշտված է Ռուսաստանի խորհրդարանում։ Սակայն դա մեր ժամանակի այնպիսի իրողություններից մեկն է, որը չի կարելի հաշվի չառնել։ Այդուհանդերձ, խորհրդարան – գործադիր իշխանություն փոխհարաբերություններում ստեղծված է իրավական դաշտ, ուստի վստահ եմ, որ մոտ ժամանակներում օրենսդիր իշխանությունները կզգան իրենց բուն անելիքները, եւ իրենց գործունեությունը կհամապատասխանեցնեն ստեղծված իրավական դաշտին։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարմանը, ապա այստեղ նույնիսկ այդ իրավական դաշտը չի ստեղծված։ Տեղական իշխանություններն այսօր համարյա դուրս են մեր պետական կառուցվածքից։ Եւ եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ տեղական իշխանությունները մեծ մասամբ ներկայացված են նախկին համակարգի պաշտոնյաներով, ապա պարզ պետք է լինի, թե ինչպիսի հակասություններ են առաջացել հանրապետական ու տեղական իշխանությունների միջեւ։ Եթե խորհրդարանը կարողանար կարճ ժամանակի ընթացքում լրացնել այս բացը, որոշակի իրավական դաշտ ստեղծեր տեղական ինքնակառավարման համակարգի համար, այսինքն վերջապես ընդուներ տեղական ինքնակառավարման մասին օրենքը, ապա մենք շատ լուրջ քայլ արած կլինեինք մեր պետական կառույցների կատարելագործման հարցում։

* * *

Այսօր շատ է խոսվում նաեւ Սահմանադրության մասին։ Ինչ խոսք, իդեալական կլիներ, եթե մենք ունենայինք մի այնպիսի անսասան Սահմանադրություն, որը կարգավորեր պետության ու հասարակության բոլոր հարաբերությունները։ Ստեղծված է մի վիճակ, երբ մենք ընդունել ենք որոշ հիմնական օրենքներ, իսկ առօրյա կյանքում մեծ մասամբ կիրառվում են խորհրդային նախկին օրենքները։ Սա իրողություն է, որի հետ ստիպված ենք միառժամանակ հաշտվել, մինչեւ կարողանանք մեր ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցնել նոր պետական համակարգին։