Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կություններն են։ Եթե ինձ առաջարկեն մի նախարար, որն այս պահանջները բավարարի, ես միայն ուրախ կլինեմ։ Այսօր 30 նախարարներից միայն 6-ն են Հայոց համազգային շարժման անդամ, մյուսներից շատերին նախկինում ես անձամբ չեմ էլ ճանաչել։

― Իսկ ի՞նչ «գույնի» են Ձեր սեփական քաղաքական հայացքները։

― Ասածս կարող է, թերեւս, ցինիկ թվալ, սակայն քաղաքական գործչի գլխավոր հատկությունն իրատեսությունն է, նույնիսկ՝ պրագմատիզմը։ Բոլոր հնարավորությունները պետք է ուղղել ժողովրդի ու պետության բարօրությանը։ Իմ իդեալը ժողովրդավարությունն է, համընդհանուր արժեքները, սակայն այսօրվա գլխավոր գործոնը իրական քաղաքականությունն է։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր նախկին հանրապետություններում ելնում են նույն նկատառումներից, բոլորն էլ հրաժարվել են գաղափարախոսական սկզբունքներից։ Այսօր նախկին կոմունիստները «շատ ավելի կաթոլիկ» են դարձել, քան ես, եւ փորձում են ազգայնականներ ներկայանալ։ Եւ պետք չէ նրանց կասկածել երեսպաշտության մեջ, ո՛չ։ Եւ դատապարտել էլ չարժե։ Պարզապես այդպիսին է այսօրվա իրողությունը։

― Դուք ասել եք, թե իսկական մտավորական է նա, ով ազատ է եւ «չի ծառայում ոչ մեկին»։ Ինչպե՞ս են համատեղվում ազատության իդեալներն ու իշխանությունը, նրա սահմանափակող մեխանիզմներն օգտագործելու անհրաժեշտությունը։

― Իմ ընտրությունը նույնպես ազատ է եղել։ Եւ հետո՝ ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։ Իրավական պետության մեջ սահմանափակումները նույնպես անհրաժեշտ են։ Անթույլատրելի է, որ ժողովրդավարության ճակատագիրը կախված լինի անհատի կամքից, լավ կամ վատ Նախագահից։ Այսօր Նախագահի իշխանությունն, իրոք, շատ մեծ է հենց նրա՝ ժողովրդավարական սահմանափակումների բացակայության պատճառով։

― Տարօրինակ չէ՞, արդյոք, որ մտավորականությունը կոմունիստական վարչակարգի օրոք քաղաքական կյանքում ավելի նկատելի էր, քան Ձեր կառավարման ժամանակաշրջանում։