Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Իհարկե, մտավորականությունը շփոթվեց, շատերը կորցրին կողմնորոշումը, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, մտավորականությունն էլ կգտնի իր տեղը նոր հասարակության մեջ…

― Մի՞թե նախկին տոտալիտար վարչակարգի արժեքները նրա արժեքներն էին։

― Նրանց համար, ովքեր նոմենկլատուրային մտավորականության շարքում էին՝ այո՛։ Ի դեպ, այսօր մտավորականության դերի անկման մասին հենց նրանք են աղմկում։

― Դրանով հակամարտությունն ընդդիմության հետ չի սահմանափակվում, չի ավարտվում այն նաեւ խորհրդարանում։ Խնդիրն աշխարհայացքների՞ տարբերությունն է։

― Համաձայն եմ, կուսակցությունների միջեւ կան աշխարհայացքային տարբերություններ, սակայն դրանք երկրորդական են։ Առաջին տեղում քաղաքական դրդապատճառներն են, միայն դրանք։ Իշխանության համար պայքարն իր կանոններն ունի։ Եթե նույնիսկ ես ամբողջովին ընդունեմ ընդդիմության գաղափարախոսությունը, նրանք չեն դադարեցնի իրենց պայքարը։ Նրանք պատրաստ են (եւ դա անում են պոպուլիստական նկատառումներով) իրենց հայացքներն ու կարգախոսները փոխել յուրաքանչյուր ամիս։

― Դուք պատրա՞ստ եք անհատապես նշել։ Դաշնակցության մասին, օրինակ։

― Դաշնակցությունը վերջին 70 տարում իրեն համարում էր ազգի առաջնորդը եւ բոլոր ազգային իդեալների՝ անկախության, պատմական սահմաններում Հայաստանի վերականգնման, 1915 թվականի Ցեղասպանության դատապարտման մարմնավորումը։ 70 տարի նրանք ժողովրդի մեջ տպավորություն էին ստեղծում, թե իբր հենց դաշնակներն են պահպանում հայ ժողովրդի ու Հայաստանի ազգային շահերը։ Սակայն, երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, դաշնակցական կուսակցությունը, մեղմ ասած՝ շփոթվեց. հայտնվել էին նոր մարդիկ, որոնք իր բացակայությամբ Հայաստանն իրենց ետեւից էին տանում։ Նրանց առաջին բնազդային ռեակցիան սառն էր։ Զգալով, որ այդ պահից կորսված է առաջնորդությունը, ինչն, իրենց թվում էր, թե կուսակցությունն ունի, նրանք չէին կարողանում հաշտվել իրենց նոր դերին։