Էջ:Ընտրանի.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձակապես հաջող եմ գնահատում։ Նշեմ հաջողություններից մի քանիսը, որոնք ակնհայտ են. առաջինը մեր անկախության ճանաչումն էր, այնուհետեւ միջազգային կազմակերպություններին մեր անդամակցությունը, միջազգային վալյուտային եւ բանկային կազմակերպություններին անդամակցելը։ Սրանք արդեն ոչ թե դեկլարատիվ, այլ ռեալ հաջողություններ են։ Դրանցից է նաեւ ԱՊՀ երկրների հետ մեր հարաբերությունների համեմատական կայունացումը։ Իհարկե, ԱՊՀ-ն դեռեւս չկայացած համագործակցություն է, դեռ շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ԱՊՀ-ն դառնա եւրոպական համայնքի նման գործուն, կենդանի օրգանիզմ։ Բայց այն, ինչ կա, դա նույնպես մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն մեզ հնարավորություն է տալիս անցումային այս շրջանում վարել որոշ չափով հավասարակշռված քաղաքականություն, չկորցնել այն ձեւավորված տնտեսական կապերը, որոնք գոյություն ունեն, եւ կարողանալ շատ մեղմ կերպով անցում կատարել դեպի այլ հարաբերություններ։ ԱՊՀ-ի մեջ նախկին խորհրդային հարաբերությունները պետք է լիովին վերափոխվեն միջազգային հարաբերությունների, ԱՊՀ երկրների միջեւ պետք է գործեն այնպիսի հարաբերություններ, որոնք գործում են ընդհանրապես աշխարհի պետությունների միջեւ։ Մինչեւ սա չլինի, մենք չենք ունենա մի այնպիսի ներդաշնակ համագործակցություն, ինչպիսին է Եւրոպական համայնքը։ Զգալի տեղաշարժեր կան նաեւ մեր հարեւանների հետ ունեցած հարաբերություններում։ Խոսքը մասնավորապես Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների մասին է, որոնց շուրջ հարցերի միջոցով մենք դեռ կխոսենք։

Այժմ անդրադառնանք հարցի երկրորդ մասին՝ բացթողումներին եւ սխալներին։ Չեմ ուզում խոսել օբյեկտիվ դժվարությունների մասին, որոնք նույնպես շահարկման առարկա են հանդիսանում, թեեւ դրանք ակնհայտ են։ Իշխանություններն, իհարկե, ավելի շատ հակված են ի ցույց դնել օբյեկտիվ հանգամանքները, իսկ ընդդիմությունը՝ հակառակը՝ անտեսել օբյեկտիվ հանգամանքները եւ կենտրոնանալ սուբյեկտիվ հանգամանքների վրա։ Քանի որ ակնհայտ են օբյեկտիվ դժվարությունները, դրանց մասին չեմ ուզում խոսել։ Դրանք կան, ոչ ոք չի կարող դա ժխտել։ Բայց կան նաեւ բացթողումներ, որոնք կախված են մեզնից, եւ միայն որոշ չափով այդ օբյեկտիվ հանգամանքներից։ Ամենագլխավոր