Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանց հետ, հարեւանների հետ, բնականաբար, շատ ավելի հիվանդագին են վերաբերվում այս հարցերին։ Շատ գոհ եմ, որ որդիս այդպիսին չէ։ Նա նույնիսկ ավելի վերեւից է նայում այդ հարցերին, քան՝ ես։

Ինձ համար մեծագույն հաճույք է, եթե այդպիսի հնարավորություն ինձ տրվում է, ընթերցելը։ Ընթերցանությունն ինձ համար ամենակարեւոր զբաղմունքն է եղել, եւ ես, այս չափազանց զբաղվածության պայմաններում էլ, աշխատում եմ չկտրվել թե՛ գեղեցիկ գրականությունից, թե՛ մամուլից, թե՛ հրապարակախոսությունից։ Մի ժամանակ ես շատ հետեւողականորեն ուսումնասիրում էի ռուսական եւ մերձբալթյան դեմոկրատական մամուլը։ Դժբախտաբար, դրանք հիմա քիչ հասանելի են։ Ուշացումով ստացված նյութերն այլեւս կորցրած են լինում իրենց թարմությունը։ Այն զգացողությունը, որ ես առաջ ունեի Ռուսաստանի իրադարձությունների, զարգացումների մասին, հիմա չունեմ։ Գուցե դա նրանից է նաեւ, որ իրադրությունը շատ ավելի բարդ է, քան մեկ տարի առաջ։ Այս հարցում ինձ օգնում են անալիտիկները, ժամանակ առ ժամանակ ծանոթանում եմ նրանց վերլուծություններին, չնայած ինձ համար ավելի նախընտրելի կլիներ անձամբ զբաղվել այդ հարցով։

― Կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ։

― Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տարաձայնություններ չկան։ Եղել է միայն մի դեպք, մի տարաձայնություն, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը Հռոմի կոնֆերանսին։ Այդ տարաձայնությունն արդեն հարթված է, եւ այսօր երկու իշխանությունների միջեւ որեւէ տարաձայնություն չկա։ Ժամանակ առ ժամանակ ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տեղի են ունենում քաղաքական կոնսուլտացիաներ, իսկ գործադիր իշխանությունների միջեւ կապերը մշտական են։

Այժմ՝ ռազմական իրավիճակի մասին։ Մայիս-հունիսյան բուռն իրադարձություններից՝ տեղատվություններից եւ մակընթացություններից հետո, իրավիճակը համեմատաբար կայուն է ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ մեր սահմաններում։ Տեղի են ունենում տեղական բնույթի գործողություններ, փոխհրաձգություններ, առաջխաղացումներ եւ ետ