Էջ:Ընտրանի.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնում նրա ընդունման եղանակը։ Վերջինիս համար, իհարկե, անհրաժեշտ է համապատասխան քաղաքական մթնոլորտ։

Առաջարկվում են մի քանի տարբերակներ։ Նախ, այսօրվա օրենսդրությամբ Սահմանադրություն ընդունելու իրավասությունը վերապահված է գործող խորհրդարանին։ Սակայն, դարձյալ զուտ քաղաքական նկատառումներով, խորհրդարանը կարծեք թե հրաժարվում է իր այդ հիմնական իրավասությունն իրագործելու մտքից։ Այս պատճառով է, որ զուգահեռաբար առաջ են քաշվում Սահմանադիր ժողովի, ժողովրդական հանրաքվեի անցկացման գաղափարները։ Եթե խորհրդարանն ստանձներ իր պարտավորությունները եւ իրագործեր իր իրավասությունը, ապա նման հարցեր առաջ չէին քաշվի։ Բայց մենք պարտավոր ենք հաշվի նստել իրականության հետ։

Ինչ վերաբերում է Սահմանադիր ժողովին, ապա, ըստ իս, գործող խորհրդարանի առկայության պայմաններում դա միանգամայն ավելորդ է։ Չեմ կարծում, որ Սահմանադիր ժողովում կընտրվեն ավելի հմուտ մարդիկ, քան այսօրվա խորհրդարանում։ Ավելին, եթե ենթադրվում է, որ Սահմանադրության ընդունումից հետո պետք է անմիջապես տեղի ունենան նոր խորհրդարանի ընտրություններ, ինչն ինքնըստինքյան հասկանալի է, ապա առկա խորհրդարանն ինքը կարող է հանդես գալ որպես Սահմանադիր ժողով։ Ի՞նչն է դրան խանգարում։ Չէ՞ որ գործող խորհրդարանը Սահմանադրությունն ընդունում է ոչ թե իր, այլ իրեն հաջորդողի համար։ Այսինքն, տվյալ դեպքում այն միանգամայն կարող է հանդես գալ որպես Սահմանադիր ժողով, որը չունի ոչ մի քաղաքական շահագրգռություն։ Այնպես որ, հակառակ փաստարկները լուրջ համարել չի կարելի։

Մյուսը, համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրությունն ընդունելու եղանակն է։ Եթե խորհրդարանը չկարողանա իրականացնել իր առաքելությունը, ապա քաղաքական ուժերը (դրանք կարող են լինել թե՛ կուսակցությունները, թե՛ գործադիր իշխանության ներկայացուցիչները) 200000 ստորագրությամբ կարող են հանդես գալ ժողովրդական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, որն, իհարկե, հարկադրական քայլ է։

Առաջարկվում է մեկ այլ՝ համադրական տարբերակ, երբ ենթադրվում է, որ Սահմանադրական հանձնաժողովի կողմից պատրաստված