Էջ:Ընտրանի.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժերով։ Եթե այդ պատգամավորների գաղափարախոսության եւ քաղաքական մտածողության մեջ այդպիսի արմատական հեղաբեկում էր տեղի ունեցել, ապա տարրական բարոյականությունը եւ ժողովրդին չմոլորեցնելու վեհ գիտակցությունը պահանջում էին՝ հրաժարվել պատգամավորական աթոռներից եւ վերընտրվել որպես դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ-ական։ Սա քաղաքական բարոյականության մեծագույն դաս կլիներ թե՛ ժողովրդի, թե՛ մանավանդ ներկա իշխանությունների համար։

3. Հաջորդ մեղադրանքը. ՀՀՇ-ն եւ Հանրապետության Նախագահն անհանդուրժող են եւ ձգտում են մենատիրության, որի վառ արտահայտությունը Նախագահի վարած կադրային քաղաքականությունն է՝ հիմնված քաղաքական նկատառումների եւ անձնական նվիրվածության սկզբունքի վրա։ Ծեծված, չարչրկված, բայց դեռեւս իր հրապարակային պատասխանը չստացած մեղադրանք։


Նախ՝ հանդուրժողականության մասին։ Եթե համեմատելու լինենք Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, որտեղ ժողվրդական շարժումները եկան իշխանության գլուխ, եւ անգամ՝ Ռուսաստանի հետ, ապա կտեսնենք, որ միայն Հայաստանում հաշվեհարդար չկիրառվեց նախկին կոմունիստական վարչակարգի եւ նրա ուժային լծակների՝ Ներքին գործերի նախարարության ու Պետական անվտանգության կոմիտեի նկատմամբ։ Կոմկուսը չարգելվեց, պետական վարչամեքենայի կոմունիստ պաշտոնյաները, միլիցիայի ու ՊԱԿ-ի աշխատակիցների մեծագույն մասը չհեռացվեցին աշխատանքից։ Ավելին, կոմունիստական վերջին՝ Մարգարյանցի կառավարության 36 անդամներից 14-ը պահպանեցին իրենց տեղերը Վազգեն Մանուկյանի կաբինետում, չխոսած՝ փոխնախարարների մասին, որոնց մեծ մասը շարունակեց եւ այսօր էլ շարունակում է իր աշխատանքը։ Թող չստեղծվի այն տպավորությունը, թե նման հանդուրժողականություն դրսեւորվել է միայն կոմունիստների նկատմամբ։ Իմ կողմից Գագիկ Հարությունյանի կառավարությունում պետական նախարարի եւ առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնելու լուրջ, հետեւողական առաջարկ է եղել նաեւ դաշնակցական կուսակցության երկու հայտնի գործիչների՝ Կարո Արմենյանին եւ Գեւորգ Քեփենեկյանին։ Առաջարկը