Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ ամենայն գոհունակությամբ պետք է նշեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին ամենաշահագրգիռ ու արդյունավետ մասնակցությունն ունեցան նաեւ ՀՀՇ-ական պատգամավորները։

9. Հայաստանի ներկա իշխանություններն ամբաստանվում են նաեւ այն բանում, թե իբր նրանք, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, հապաղեցին բանակի ստեղծման հարցում։

Ադրբեջանն ընթացավ Ռուսաստանի հետ առճակատման եւ խորհրդային բանակի բռնի ազգայնացման ճանապարհով։

Հայաստանն իրավունք ունե՞ր, արդյոք, ընթանալու նույն ճանապարհով, ինչպես պահանջում էին մեզ մեղադրողները։

Մի՞թե հասկանալի չէր Ադրբեջանի եւ Հայաստանի վիճակների տարբերությունը։

Մենք կարո՞ղ էինք վտանգել Ռուսաստանի հետ ունեցած մեր բարեկամությունը` գտնվելով, մեղմ ասած, ոչ այնքան նպաստավոր աշխարհագրական միջավայրում։

Սրանք հարցեր են, որոնք մանկամիտները միայն կարող են անտեսել։

Արդյունքում մենք քաղաքակիրթ կերպով` միջպետական համաձայնագրերով ստացանք մոտավորապես այն, ինչ Ադրբեջանն ստացավ առճակատման գնով՝ վերջին հաշվով դառնագույնս հատուցելով դրա համար։

Հայաստանը ստորագրեց նաեւ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը եւ իր տարածքում պահպանեց ռուսական բանակի դիվիզիաներից մեկը, որն առաջիկայում, հավանաբար, կօժտվի ռազմական բազայի կարգավիճակով։

Այսօր Հայաստանի բանակն արդեն իրողություն է եւ ոչնչով չի զիջում Ադրբեջանի բանակին։ Եւ այդ իրողությունը կերտվել է ճշգրիտ հաշվարկված ու ժամանակին գործադրված քայլերի միջոցով, որ ոչ ոք չի կարող ժխտել, քանի որ փաստն անուրանալի է։

10. ՀՀՇ-ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների մահացու «խարաններից» է նաեւ հակառուսականությունը եւ, ո ՜վ սարսափ, երդվյալ թուրքամետությունը։

Հակառուսականության շուրջ չեմ ուզում ծավալվել, անելով միայն հետեւյալ, թեկուզ մերկապարանոց թվացող հայտարարությունը։