Էջ:Ընտրանի.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ-ռուսական հարաբերությունների երեքհարյուրամյա պատմության ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը երբեւիցե այնքան սերտ, այնքան անկեղծ, այնքան բարեկամական չեն եղել, որքան Ելցինի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, եւ դա միմիայն շնորհիվ այն բանի, որ երկու երկրներում էլ իշխանության են եկել իրապես ժողովրդավարական ուժեր, որոնց գործունեությունը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի եւ համամարդկային արժեքների վրա։ Հայ-ռուսական բարեկամության նորընծա ջատագովի դերին հավակնող Հայ հեղափոխական դաշնակցության կասկածելի եւ բացահայտ կապերը Ռուսաստանի պահպանողական, սեւհարյուրյակային տարրերի հետ` իրականում սպառնում են վտանգել այդ բարեկամությունը։

Ինչ վերաբերում է թուրքամետությանը, ապա եթե այդպիսին է համարվում Թուրքիայի՝ որպես հարեւան երկրի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու, փոխշահավետ համագործակցություն ծավալելու ձգտումը, այո՝ այդքանով մենք թուրքամետ ենք։ Եթե այդպիսին է համարվում Թուրքիայի ճանապարհներով ցորեն եւ կենսական այլ ապրանքներ ստանալու փաստը, այո՝ այդքանով նույնպես մենք թուրքամետ ենք։ Միայն թե այդ դեպքում չպետք է մոռանալ, որ դեռեւս 1918 թվականին Արամ Մանուկյանի առաջին գործերից մեկը եղել է հայ ժողովրդի ջարդարար Խալիլ փաշայի ձեռքով Հայաստանի սովյալների համար 20.000 փութ ցորենի ստացումը։

11. Եւս մի` դժոխքի արժանի մեղք. ՀՀՇ-ն եւ հանրապետության ներկա «իշխանիկները» Հայաստանը դիտում են որպես սեփական կալվածք, պառակտում են Սփյուռքը, ոտնահարում կամ անտեսում սփյուռքահայերի իրավունքները։ Սփյուռքի պառակտման մեղադրանքը հասցեագրվում է հատկապես անցյալ տարվա հունիսի 29-ի իմ ելույթին։

Պարզունակ ձեռնածությամբ դաշնակցության ղեկավարությունը, որին ուղղված էր իմ ելույթը, իրեն նույնացնում է ողջ Սփյուռքին՝ փորձելով նրան հասցեագրել ելույթի պարունակած հարցադրումները։

Սփյուռքի պառակտման մեղադրանքը ներկայացնողները, կարծում եմ, նախեւառաջ պարտավոր էին ապացուցել, որ Սփյուռքը երբեւէ միավորված է եղել, իսկ դա նշանակում է` ապացուցել անապացուցելին։