Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իհարկե, ինձ անմիջապես կարող են առարկել, թե ազգային կոչված այս ծրագրում ըստ էության որեւէ ազգային առանձնահատկություն չկա, եւ այդ առարկությունն առաջին հայացքից կարող է իրավացի թվալ։ Հիրավի, հիշյալ ձեւակերպման մեջ ազգայինը միայն Հայաստան անունն է, մնացածը հատուկ է բոլոր ազգերին, այսինքն՝ իրականում համամարդկային է։ Իսկ երբ մի հասկացություն դառնում է համամարդկային օրինաչափություն, ապա այդ հասկացությունը քաղաքականությունից տեղափոխվում է հասարակագիտության ոլորտ, կատեգորիայից վերածվելով ունիվերսալիայի։ Սակայն իր ունիվերսալությամբ հանդերձ՝ այդ ծրագիրը չի դադարում ազգային լինելուց, քանի որ ի զորու է ծառայելու յուրաքանչյուր ազգի զարգացման ու բարգավաճման խնդրին։

Թեեւ պարզ ու անխորհուրդ, թեեւ համամարդկային՝ այս ծրագիրը դժվար թե մերժելի կամ վիճարկելի լինի որեւէ քաղաքական ուժի համար։

Անհամաձայնությունն առկա է միայն ծրագրի իրականացման ուղիների շուրջ. յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն այդ ուղին պատկերացնում է յուրովի։ Նման անհամաձայնությունը բնական է եւ անհաղթահարելի, կարելի է ասել՝ հավիտենական։

Փորձել կենտրոնանալ տվյալ իրողության վրա եւ ճիգ թափել համաձայնության գալու՝ նշանակում է իզուր վատնել ազգի ներուժը եւ զբաղվել բացահայտ անիմաստ գործ ունեությամբ։ Ժողովրդավարության պայմաններում, միեւնույն է, ինչ ճիգ էլ թափվի, երբեւէ սոցիալիստը՝ ռամկավար-ազատականին կամ ազգայնականը՝ ժողովրդավարին չի կարողանա ապացուցել իր դավանանքի ճշմարտությունը։

* * *

Մերժելով համաձայնության անիրագործելի ձգտումը գաղափարախոսական ոլորտում եւ ազգային հիմնախնդիրների իրականացման ուղիների ընտրության հարցում, կարող է ստեղծվել այն խաբուսիկ տպավորությունը, թե ես հասարակության համար ընդհանրապես մերժում եմ համաձայնության որեւէ հնարավորություն։ Քավ լիցի։