Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փաստորեն, դառնալով երկրորդ, հիրավի, համահայկական հաստատությունը։

Եթե սփյուռքահայ գաղթօջախներում կա մի կազմակերպություն, որը, թեեւ պայմանականորեն, բայց իրավամբ կարող է հավակնել Սփյուռքի յուրահատուկ կառավարության դերին, ապա դա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն է՝ իր շուրջ 25 հազար անդամներով, 200-ի հասնող մասնաճյուղերով, մանկապարտեզների, դպրոցների, ակումբների, որբանոցների, ծերանոցների, հիվանդանոցների ցանցով, մշակութային ու երիտասարդական կենտրոններով, համալսարանական կրթաթոշակներով, հրատարակչական գործունեությամբ եւ այլն։

Այդ կառավարությունը յուրահատուկ է նախ եւ առաջ այն առումով, որ երբեք չխառնվեց քաղաքականությանը՝ լիովին նվիրվելով սփյուռքահայության հոգեւոր եւ սոցիալական կարիքների հոգացողությանը։ Թեեւ եղան փորձեր՝ Բարեգործականը ներքաշելու քաղաքական խնդիրների ոլորտ, բայց, ի պատիվ իրեն, նա մշտապես պահպանեց ապաքաղաքական, զուտ մարդասիրական, ազգային կազմակերպության իր նկարագիրը։

Յուրահատուկ է նաեւ նրանով, որԲարեգործական Միության գործունեությունը, թեեւ հիմնականում ուղղված սփյուռքահայության ցավերի ամոքմանը, չսահմանափակվեց միայն Սփյուռքով, այլ, հավատարիմ համահայկական իր կոչմանը, հաստատությունը լուրջ գործեր ձեռնարկեց նաեւ հայրենի հողում՝ մասնավորապես 1924–1937 թվականներին, 1946–1948 թթ. ներգաղթի տարիներին, ինչպես նաեւ 1988թ. աղետալի երկրաշարժից եւ Հայաստանի անկախության վերականգնումից հետո։ Եթե ժամանակ առ ժամանակ, դժբախտաբար, Բարեգործականի եւ հայրենիքի կապերը խզվեցին, ապա ամենեւին ոչ թե նրա, այլ բացառապես խորհրդային վարչակարգի մեղքով։

Յուրահատուկ է նաեւ այն տեսակետից, որ այդ կառավարությունը հաջորդաբար գլխավորեցին Սփյուռքի ամենամեծ բարերարներն ու անառարկելի հեղինակությունները՝ Պողոս Նուպար փաշան, Գալուստ Կյուլպենկյանը, Զարեհ Նուպարը, Արշակ Կարագյոզյանը, Ալեք Մանուկյանը եւ Լուիզ Սիմոն Մանուկյանը։