Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գոյության տարրական երաշխիքների մասին, որով եւ չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում՝ նաեւ ուղղակի պատասխանատվության բաժինը։

3. Նկատի ունենալով Օսմանյան պետության եւ հայ ժողովրդի ուժերի ակնհայտորեն անհակակշռելի հարաբերակցությունը, ինչ- պես նաեւ Արեւելյան հարցում գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունները, դժվար է չխոստովանել, որ կենաց-մահու այդ պայքարում հայերն ի սկզբանե դատապարտված էին կործանման։ Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ։

4. Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եւրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից, քանի որ, անկախ հայերի կամքից, եւրոպական պետություններն այլեւս չէին կարող հրաժարվել հայկական նահանգների բարենորոգումների պատրվակով Թուրքիայի վրա ազդելու քաղաքականությունից։

Դրանով հանդերձ, պարտավոր ենք հավաստել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ, այն է՝ կղերա-բուրժուական եւ հեղափոխական հոսանքները, թեեւ անհետեւողականորեն, բայց ժամանակ առ ժամանակ փորձել են համագործակցել թուրքական իշխանությունների հետ, որի բարձրակետը Իթթիհադի եւ Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունն էր։ Այդ համագործակցության պատճառով լիովին բթացվեց հայ ժողովրդի զգոնությունը, եւ 1908–1914 թթ. ժամանակամիջոցը բացարձակապես չօգտագործվեց ինքնապաշտպանության պատրաստվելու համար։

Որքան էլ դառը լինի, պետք է խոստովանել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ հասու չեղան ոչ միայն վիժեցնել հայ ժողովրդի բնաջնջման պետական ծրագիրը, որ, ինչպես վերը նշվեց, գրե