Բռնարարքների կազմակերպիչները, հրահրիչները եւ անմիջական մասնակիցներն, իհարկե, յուրաքանչյուրն իր մեղքի չափով պետք է պատասխան տան օրենքի առջեւ, բայց հավաստիացնում եմ, որ վհուկների որս չի սկսվելու, եւ ոչ մի անմեղ մարդ չի տուժելու։ Բոլոր դեպքերում ես խոր ափսոսանք եմ հայտնում զանգվածային անկարգությունների ժամանակ պատահականորեն տուժած անձանց ու խորհրդարանի շրջակա շենքերի բնակիչներին, որոնց անդորրը խախտվեց հարկադրական գործողությունների պատճառով։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նման արկածախնդրություն այլեւս թույլ չի տա, եւ պատահածը կդառնա մեր պատմության սոսկ ցավալի մի թյուրիմացություն։
Սիրելի հայրենակիցներ,
Վերստանձնելով իմ պարտականությունները, ես մտադիր եմ կետ առ կետ, հետեւողականորեն իրականացնել իմ նախընտրական ծրագիրը, որն ըստ էության պատասխանում է ձեզ հուզող բոլոր ցավոտ հարցերին։ Շուտով դուք ականատես կլինեք ե՛ւ լուրջ կադրային փոփոխությունների, ե՛ւ անօրինականությունների ու կաշառակերության դեմ պայքարի ծավալման, ե՛ւ կենսաթոշակների ու աշխատավարձերի կանոնավոր վճարման, ե՛ւ ընդհանուր կարգուկանոնի հաստատման իրողությանը։
Ես խորապես համոզված եմ, որ խաղաղության ու կայունության պահպանման, հավասարակշիռ արտաքին քաղաքականության շարունակման, ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների խորացման դեպքում իշխանություններից ու ժողովրդից գերբնական ջանքեր չեն պահանջվելու երկրի տնտեսությունը վերականգնելու եւ բնակչության սոցիալական վիճակն աստիճանաբար բարելավելու համար։
Դրա համար անհրաժեշտ է միայն պետության եւ հասարակության բոլոր օղակների ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխատանք։
Ես կրկին խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ողջ ժողովրդին եւ մաղթում երջանկություն ու բարօրություն, որին նա արժանի է նույնքան, որքան աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները։
«Հայաստանի Հանրապետություն», 1 հոկտեմբերի, 1996 թ.։
ՀՀԱՆԱ, 28/01.10.96։ Բնագիր։ Ինքնագիր։