― Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների մասին ասում են, որ դրանք արտոնյալ բնույթ ունեն։ Այդ հարաբերությունների ներկայիս վիճակը արդյո՞ք հաստատում է այդ որակումը։
― Հայ-ֆրանսիական հարաբերությունների նման գնահատականն ունի որոշ պատմական հիմք, որն, անշուշտ, այսօր էլ խաղում է իր դերը։ Դրան պետք է գումարել նաեւ Ֆրանսիայում նշանակալից հայկական համայնքի առկայության հանգամանքը։
Հարաբերությունների ներկա մակարդակը դեռեւս շատ հեռու է Հայաստանի ու Ֆրանսիայի մտադրություններից եւ հնարավորություններից, մասնավորապես տնտեսական, գիտա-տեխնիկական, կրթա-մշակութային համագործակցության տեսակետից։ Ֆրանսիան առայժմ Հա-յաստանին զգալի աջակցություն է ցուցաբերել հատկապես միջազգային ֆինանսական կազմակերպությունների շրջանակում եւ միջուկային էներգետիկայի զարգացման գործում։
― Կարո՞ղ եք արդյոք հաստատել, որ Հայաստանը տնտեսական վերելքի նշաններ է դրսեւորում, եւ ինչո՞վ եք դա բացատրում։
― Այո, սկսած 1994 թվականից Հայաստանում դրսեւորվել են տնտեսության կայունացման եւ զարգացման կայուն միտումներ։ Երեք տարի անընդհատ ապահովվել է շուրջ 5–6 տոկոս տնտեսական աճ, սանձահարվել է ինֆլյացիան, պահպանվել է դրամի կայուն կուրսը, հաղթահարվել է էներգետիկ ճգնաժամը։
Դա հաջողվել է բացառապես հետեւողական տնտեսական բարեփոխումների իրականացման եւ Միջազգային արժութային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի աջակցության շնորհիվ։ Դեռ որոշ ժամանակ եւս, ներքին ռեսուրսների հաշվին մեզ կհաջողվի պահպանել այդ դրական միտումները։ Սակայն Հայաստանի լիարժեք տնտեսական զարգացումը կախված է արտաքին հաղորդակցության ճանապարհների վերականգնումից եւ օտարերկրյա ներդրումների ներգրավումից։
― Սփյուռքահայությունը կատարո՞ւմ է Ձեր սպասումներին համապատասխանող տնտեսական դեր։
― Տնտեսական առումով Սփյուռքի դերն առայժմ դուրս չի եկել մարդասիրական օգնության ու բարեգործության շրջանակներից։ Մենք սպասում ենք Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի գործարարների լուրջ ներդրումներին։