― Ի՞նչ դաս քաղեցիք սպասվածից ավելի դժվար վերընտրություններից։
― Ավելի շատ ուշադրություն դարձնել ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, ավելի լուրջ պայքար մղել կոռուպցիայի, անօրինականությունների, բյուրոկրատական քաշքշուկների դեմ։
― Ի՞նչ պայմաններով կարող է վերականգնվել ընդդիմության հետ երկխոսությունը։
― Ես որեւէ պայման չեմ առաջարկում։ Ողջ քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեն խաղի ընդհանուր կանոններ, որոնք պարտադիր են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդի մության համար, այսինքն՝ նրանք պետք է գործեն բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում։
― Արդյո՞ք քաղաքական ճգնաժամի հետեւանքով միջազգային ասպարեզում Հայաստանը թուլացավ։ Ինչպե՞ս եք մտադիր վերականգնել ձեր ժողովրդավարական վարկը ուժային միջոցների դիմելուց հետո։
― Այո, Հայաստանը որոշ չափով թուլացել է ներքին քաղաքական լարվածության պատճառով, որը ես կխուսափեի ճգնաժամ կոչելուց։ Հինգ տարի շարունակ Հայաստանը եղել է Անդրկովկասի ամենակայուն պետությունը, ուստի ես չեմ կարծում, թե այդ ցավալի դրվագը կարող է լրջորեն ազդել նրա միջազգային վարկի վրա։
Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա այդ քայլին ոստիկանությունը դիմել է միայն այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին ընդդիմության որոշ խմբեր գրոհել են խորհրդարանի շենքը, դաժանաբար ծեծել ու առեւանգել խորհրդարանի նախագահին ու նրա տեղակալին։ Ընդդիմության կազմակերպած այս բռնությունը դատապարտվել է, մասնավորապես, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական հայտարարություններում, ուստի ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Ուզում եմ միայն գոհունակությամբ նշել, որ ոստիկանության գործողությունների հետեւանքով ոչ ոք չի զոհվել եւ ոչ ոք հրազենով չի վիրավորվել։
― Որո՞նք են Ձեր նախագահական երկրորդ ժամկետի հիմնական ուղղությունները եւ նոր կառավարության առաջին քայլերը։
― Խաղաղության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծումը, շրջափակումների վերացումը, Հայաստանի տնտեսության վերականգնումը, տնտեսական բարեփոխումների խորացումը,