Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- ՀՀՇ-ի օրոք ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. - ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի հիմքերը. - ՀՀՇ-ի օրոք Հայաստանում ձեւավորվեց ազատ շուկայական տնտեսություն. - ՀՀՇ-ի օրոք ստեղծվեց հայոց բանակը։

Ահա թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում, որ ահավոր կերպով ջղայնացնում է ընդդիմությանը։

Իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք, որ նրանք վաղ թե ուշ գալու են իշխանության գլուխ եւ հնարավորություն ունենալու են ապացուցելու իրենց առավելությունը, կատարելու իրենց տպավորիչ խոստումները։

Բայց պետության հիմնադրի պատվից ու դափնիներից զրկվելը նրանց հանգիստ չի տալիս։ Դրանով են բացատրվում ընդդիմության ջղաձիգ քայլերն ու երբեմն օրենքի սահմաններն անցնող վտանգավոր գործողությունները։

Նման քայլերն ու գործողություններն արդարացնելու համար հնարվում են ճշմարտանման կամ բոլորովին շինծու տեսություններ։

Գիշեր-ցերեկ թմբկահարվում է, թե իշխանությունը բռնազավթել են մի խումբ թալանչիներ, որոնց նպատակը ոչ ավել, ոչ պակաս՝ հայ ժողովրդի բնաջնջումն է։ Օտարից վատթար ու ապազգային՝ որոնց դեմ գործված ցանկացած բռնություն ար դարացված է, քանզի դա ազգային-ազատագրական պայքար է՝ ուստի սրբազան։

* * *

Այստեղ մենք ընդհուպ մոտենում ենք նորանկախ պետություններում ձեւավորվող ժողովրդավարության մի այլ օրինաչափության, որը որպես կանոն դրսեւորվում է գաղութատիրությունը թոթափած համարյա բոլոր երկրներում։

Հաղթանակած ազգային-ազատագրական շարժումներում (ինչպիսին նաեւ ՀՀՇ-ն է), երբ միանգամից չեն արդարանում անկախության հետ կապված վարդագույն հույսերը, շատ արագ առաջանում է երկու քաղաքական հոսանք։