Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի հոսանքը դավանում եւ ձգտում է իրականացնել պետական կառույցների աստիճանական ձեւավորման, տնտեսության վերականգնման ու բարեփոխման դանդաղ, էվոլյուցիոն գործընթացը, փորձում է հաղթահարել հարեւան պետությունների հետ անցյալում կուտակված կնճռոտ հարցերն ու տարաձայնությունները, ապահովել երկրի ներքին կայունությունն ու քայլ առ քայլ լուծել ժողովրդի կենսական շահերը շոշափող հարցերը։

Մյուս հոսանքը, օգտվելով անկախության անմիջական արդյունքների բացակայությունից, շահագործելով անցման շրջանին բնորոշ սոցիալական դժվարություններն ու ժողովրդի բնական դժգոհությունները, որդեգրում է հրաշքներ խոստանալու եւ անիրականանալի ծրագրեր առաջադրելու քաղաքականությունը։ Բայց հանդիպելով ժողովրդի մի զգալի մասի շրջահայացությանն ու թերահավատությանը, նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, դիմում բռնությունների ու արկածախնդրությունների՝ վերջնականապես ընկնելով հեղափոխականության գիրկը։ Արդյունքը լինում է՝ կա՛մ իշխանության զինված զավթում ու բռնատիրության հաստատում, որի օրինակներն անթիվ-անհամար են, կա՛մ ազգային աղետ, որը մեր աչքի առջեւ տեղի ունեցավ Ադրբեջանում եւ Վրաստանում, Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի օրոք։

Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հաջողության են հասնում եւ բռնատիրությունից ու ազգային աղետից խուսափում այն ժողովուրդները, որոնք իշխանության ղեկը վստահում են առաջին հոսանքի ներկայացուցիչներին։

Հայաստանի քաղաքական կյանքում նույնպես առկա են թե՛ էվոլյուցիոն զարգացումը ներկայացնող , թե՛ հեղափոխականություն դավանող հոսանքները. Առաջինը՝ հանձինս ՀՀՇ-ի եւ ներկա իշխանությունների, երկրորդը՝ հանձինս ընդդիմության ծայրահեղ թեւի, այն է՝ ԱԺՄ-ի ու նրա դաշնակիցների։

Ի պատիվ մեր ժողովրդի, Հայաստանը, սակայն, առայժմ կարողացել է խուսափել հեղափոխականության աղետալի վտանգներից։ Յոթ տարվա ընթացքում մեզ մոտ գրանցվել է ընդամենը երկու տագնապալի քաղաքական իրավիճակ. մեկը՝ ՀԱԲ-ի լուծարման օրերին, մյուսը՝ 1996 թվականի սեպտեմբերի 25-ին։