Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը, ապահովված է հասարակական անդորրն ու անվտանգությունը, պետության բոլոր կառույցները գործում են սովորական ռեժիմով։

Սա ձեռք է բերվել, անշուշտ, ոչ միայն Դաշինքի ներսում առաջացած հակասությունների ու տարաձայնությունների պատճառով, այլեւ իշխանությունների նպատակասլաց ու հաշվենկատ գործողությունների շնորհիվ։

Կառավարության կազմում տեղի ունեցած լուրջ կադրային փոփոխությունները, երկու վարչապետների հաջող նշանակումները, խորհրդարանի ակտիվ օրենսդրական գործունեությունը, հանցագործությունների ու անօրինականությունների դեմ պայքարի որոշակի ուժեղացումը, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, ընդդիմության հետ սկսված կառուցողական երկխոսությունը աստիճանաբար թուլացրին հասարակական լարվածությունը՝ երկրի քաղաքական կյանքը մտցնելով բնականոն հունի մեջ։

Ճգնաժամը թեեւ հաղթահարված է, բայց դա դեռեւս չի նշանակում, որ հեղափոխականության վտանգը Հայաստանում իսպառ վերացել է։ Քանի դեռ ժողովրդի սոցիալական վիճակը մնում է ծանր, քանի դեռ տնտեսական ոլորտում լուրջ տեղաշարժ չի արձանագրվել, քանի դեռ պետության մեջ լիակատար կարգուկանոն եւ օրինականություն չի ապահովվել, հեղափոխականության վտանգը կա եւ կմնա։

Պատահական չէ, որ անգամ սեպտեմբերյան արկածախնդրությունից հետո ԱԺՄ-ն չի դադարեցրել բռնության բացահայտ կոչերն ու քողարկված սպառնալիքները։ Նույնպես պատահական չէ, որ ընդդիմությունից միայն ԱԺՄ-ն է մերժել իշխանությունների կողմից բազմիցս կատարված երկխոսության առաջարկները։

Բացի բռնության դիմելու հավանականությունից, հեղափոխականությունը վտանգ է ներկայացնում նաեւ մի այլ, եթե կուզեք՝ գաղափարախոսական կամ զուտ քաղաքական առումով։

Հեղափոխական ընդդիմությունը ոչ թե իշխանությունների հետ վիճարկում է սոցիալ- տնտեսական բնույթ ի առանձին հարցեր կամ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մասնավոր խնդիրներ՝ փորձելով նպաստել այդ հարցերի ու խնդիրների բարեհաջող լուծմանը, այլ ըստ էության հարցականի տակ է դնում պետության ողջ կառուցվածքն ու գործունեությունը։