Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


– Միեւնույն է՝ չկա։ Ես կտրականապես մերժում եմ դա։ Հասկանալի է, կոռուպցիա կա։ Բայց ո՞վ է վերցնողը։ Եթե մեկը, երկուսը, երեքը, հինգը վերցնում են, այո՛, դա կլան է։ Եթե վերցնում են հազարավորներ՝ դա կլան չէ։

― Բայց որտեղի՞ց այդպիսի հնարավորություն, որ վերցնեն հազարավորները։

― Մեզ դեռեւս չի հաջողվել լիակատար կարգուկանոն հաստատել մեր տնտեսությունում։ Եւ գաղտնիք չէ, որ թե՛ հարկերի, թե՛ մաքսատուրքերի 50 տոկոսը չի հաշվառվում։ Եւ, այո, վստահ չենք, թե մեր ձեռնարկությունների հաշվետվություններն արտացոլում են իրական պատկերը։

Բայց մեզ ժամանակ է պետք, որպեսզի կարգուկանոն հաստատենք, եւ դա, այնուամենայնիվ, կանենք։ Վերջին տարվա ընթացքում մենք շատ բան ենք արել, որի կապակցությամբ սպասվում է դժգոհության նոր ալիք։ Այն մարդիկ, ում, կարելի է ասել, մենք ենք ստեղծել՝ գործարարները, կսկսեն բողոքել եւ քողարկվել գեղեցիկ խոսքերով։ Եւ դա հասկանալի է. խառնաշփոթի մեջ փող աշխատելու հնարավորություններն ավելի շատ են։

― Բայց Ձեզ մոտ կա՞ն արդեն հսկաներ, որոնք ի վիճակի են կազմակերպել մեր «Սվյազինվեստի» պատմության պես մի բան։

― Ոչ։ Գուցե՝ ցավոք սրտի, բայց՝ ոչ։ Մենք չունենք բնական այնպիսի հարստություններ, ինչպիսիք ունի Ռուսաստանը, եւ չունենք այդպիսի մոնոպոլիաներ։ Դարձյալ, գուցե, ցավոք սրտի, որովհետեւ, վաղ թե ուշ, պետությունը հնարավորություն կունենա հաղթահարել մոնոպոլիաներին առնչվող դժվարությունները։

― Իսկ Ձեզ համար Մոսկվայում ո՞ւմ հետ էր ավելի հեշտ հարաբերվել՝ երիտասարդ բարենորոգիչների, թե՞ «տարերային շուկայականների»։

― Ամենից առաջ նշեմ, որ նրանց քաղաքականության մեջ տարբերություն չեմ տեսնում, եթե դուք նկատի ունեք Ելցինին, Չեռնոմիրդինին եւ իմ բարեկամներ Գայդարին, Չուբայսին, Նեմցովին… Հնարավոր է, որ նրանց միջեւ կան ինչ-որ տարաձայնություններ, բայց նրանք հանդես են գալիս որպես միասնական թիմ։ Եւ կարծում եմ, որ երիտասարդ բարենորոգիչները շնորհակալ պետք է լինեն բախտից, որ իրենք ունեն