Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպիսի հովանավոր, ինչպիսին Չեռնոմիրդինն է։ Թեպետ, բնական է, նրա համար դժվար է մեր տղաների հետ միեւնույն լեզվով խոսել։

― Դուք ասացիք, որ Իրանն այսօր ձեր տնտեսական առաջին գործընկերն է։ Այս տարածաշրջանում ձեւավորվող եւ բացարձակապես նոր աշխարհաքաղաքական խճանկարի մեջ արդեն ինչ- որ կերպ կարելի՞ է որոշել Հայաստանի տեղը։

― Առայժմ դժվար է։ Մինչեւ մեր հարաբերությունները չկարգավորվեն մեր բոլոր հարեւանների հետ, մենք չենք կարող լուծել մեզ համար գլխավոր՝ անվտանգության հարցը։ Իսկ դրա համար տասնամյակներ են հարկավոր՝ մինչեւ կլուծվի ղարաբաղյան խնդիրը, մինչեւ կկարգավորվեն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եւ միայն այդ ժամանակ մենք կարող ենք ասել, թե գտել ենք մեր տեղը այս տարածաշրջանային քաղաքականության մեջ։

― Իսկ ի՞նչ տեղ կարող է ունենալ Ռուսաստանն այդ քաղաքականության մեջ։

― Ես երբեք չեմ համարել, թե Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը, այլ ոլորտների նման, անկանխատեսելի է։ Կրկնում եմ՝ ես իսկապես համարում եմ, որ Ռուսաստանը հրաժարվել է կայսերական քաղաքականությունից։ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում այստեղի բոլոր պետությունների ինքնիշխանությանը։ Բայց Ռուսաստանը խանդով կհետեւի այն բանին, թե ինչպես են ձեւավորված վակուումը փորձում լրացնել այլ ուժեր։ Սա այն է, ինչը չեն հասկանում Արեւմուտքում։ Ռուսաստանն ուրախ կլիներ բաց թողնել բոլորին, բայց ոչ իր տեղն ուրիշին զիջելու գնով։

― Դուք հաճախ եք խոսում այն մասին, որ Հայաստանի ամենաբնական գործընկերն Ադրբեջանն է։ Չե՞ք անհանգստանում, արդյոք, որ կարող եք ճիշտ չհասկացվել, ինչպես ձեր քաղաքացիների, այնպես էլ ղարաբաղցիների կողմից։

― Դեռեւս ոչ մեկը՝ ո՛չ ընդդիմությունից, ո՛չ էլ Ղարաբաղը, դրա դեմ չի առարկել։ Դա պարզապես փաստի արձանագրում է։ Չէ՞ որ այդպես է եղել, համենայն դեպս վերջին երեք հարյուր տարիների ընթացքում։ Ընդամենը տաս տարի առաջ էլ այդպես էր։