Էջ:Ընտրանի.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռք բերած տեխնիկայի, զինամթերքի, զենքի հիմնական մասն սպառել, մաշեցրել է։ Այսօր, ես գտնում եմ, կա հավասարակշռություն, եւ եթե այդպես չլիներ, եթե Ադրբեջանն այսօր էլ ունենար այդ կրկնակի ― եռակի գերակշռությունը, վստահ եմ, նա վաղուց պատերազմը վերսկսած կլիներ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա հանձնաժողովն իր աշխատանքներն, ըստ էության, դեռ չի սկսել։ Դեռեւս եռակողմ հանդիպում տեղի չի ունեցել։ Առայժմ ընթանում են երկկողմ խորհրդակցություններ։

ԺՈՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Ամերիկայի ճարտարագետների եւ գիտնականների միություն (ինտերնետով ԱՄՆ-ից) ― Լոս Անջելեսում սփյուռքահայությունն ունի հսկայական տեխնիկական, տեխնոլոգիական եւ գիտական ներուժ։ Արդյոք Դուք ինչպե՞ս եք նախատեսում օգտագործել այդ տեխնիկական հնարավորությունները մեր երկրի առաջընթացի եւ զարգացման համար։

― Ես նախ մի քիչ չեմ հասկանում, թե ինչ են նշանակում այդ տեխնիկական հնարավորությունները Լոս Անջելեսում։ Դա ի՞նչ է. տներում հաստոցնե՞ր ունեն, կոմպյուտերնե՞ր ունեն, թե՞ դրանք հիմնարկություններ են կամ կազմակերպություն ներ։ Եթե խոսքը Լոս Անջելեսի ռադիոկայանների, հեռուստակայանների, մամուլի կենտրոնների մասին է, որոնք մենք մինչեւ հիմա լավ չենք օգտագործել, ապա այս հարցում մենք արդեն լուրջ աշխատանքներ ենք տանում, նաեւ՝ մամուլի նոր ստեղծված վարչության հետ։ Վերջինիս տեխնիկական հագեցումը, կարծում եմ, միջազգային եւ ներհանրապետական առումով, մեր առաջիկա կարեւորագույն խնդիրներից է, եւ մենք պետք է աշխատենք այդ հնարավորությունները լավագույնս օգտագործել։ Ինչ վերաբերում է Հայաստանում այդ ներուժի օգտագործմանը, ապա ես կարծում եմ՝ դրա հնարավորությունները վաղուց կան եւ ով ուզել է, կարողացել է իր հնարավորությունների սահմաններում Հայաստանին օգնել թե՛ «Հայաստան» հիմնադրամի միջոցով, թե՛ նպատակային ծրագրերի իրականացման, թե՛ համատեղ ձեռնարկությունների միջոցով։ Մասնավորապես, Լոս Անջելեսից բավականին թվով գործարարներ արդեն Հայաստանում ունեն համատեղ ձեռնարկություններ, նույնիսկ առանձին սեփական ձեռնարկություններ։