Էջ:Ընտրանի.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծրագիր, որը ենթադրում էր Ձեր նախագահության հինգ տարիների ընթացքում այդ վիճակից դուրս գալ։ Անցել է մեկ տարի։ Ձեր կարծիքով, ի՞նչ է արել կառավարությունն այդ ուղղությամբ եւ հաջորդ չորս տարիների ընթացքում ի՞նչ է հնարավոր անել մեր Սահմանադրության գլխավոր պահանջը՝ սոցիալական պետության կառուցումը արժանապատիվ կատարելու համար։

– Դժբախտաբար առաջին տարում վիճակը մեզ բացարձակապես չի ուրախացնում։ Նույնիսկ ետընթաց կա նախորդ տարվա համեմատ։ Մասնավորապես, սղաճը մեր նախատեսածից բարձր էր։ Մենք տարեկան սղաճը նախատեսել էինք ընդամենը տաս տոկոս, մինչ իններորդ ամիսն է, եւ արդեն մոտենում է 15 տոկոսի, այն է՝ 14,8 տոկոս։ Իսկ սղաճը նշանակում է ժողովրդի կենսամակարդակի անմիջական անկում։ Մյուս կողմից՝ ի՞նչ է հաջողվել անել։ Հաջողվել է որոշ կարգ ու կանոն հաստատել մասնավորապես հարկային, մաքսային համակարգերում։ Եթե ոչ այս տարվա առաջին 3–4 ամիսներին, ապա դրանից հետո մենք կարողացել ենք բյուջեի հարկային մուտքերն ապահովել 100 եւ ավելի տոկոսով։ Դրանով մենք կարողացել ենք գոնե աշխատավարձերի, թոշակների ուշացումները կրճատել եւ հասցնել տանելի վիճակի։ Դեռեւս մինչեւ վերջ այդ հարցը չենք լուծել։ Իհարկե, ես հրաշքներ չեմ խոստացել, ես խոստացել եմ դանդաղ փոփոխություններ եւ վստահ եմ՝ այն, ինչ խոստացել եմ՝ այս հինգ տարիների ընթացքում մենք կիրականացնենք։ Բայց, կրկնում եմ՝ հրաշք չսպասեք։

Եկեք պարզ, ոնց որ հարեւանը հարեւանի հետ, կամ ընկերն ընկերոջ հետ, նստենք խոսենք, հասկանանք մեր վիճակը։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Եթե դուք կարծում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության եւ առաջին հերթին՝ շրջափակումների առկայության պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եւրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք Խորենացի չեք կարդացել։ Չի լինելու։ Կա՛մ, կա՛մ։ Կա՛մ պիտի ամբողջ աշխարհին ասենք. «Գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը լուծում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա եւ ոչ մի զիջում չենք անելու», բայց այդ դեպքում ոչ ոք պիտի իրավունք չունենա պահանջել կենսամակարդակի բարելավում, հակառակը, պիտի հաշտվի այն մտքի հետ, որ իր կենսամակարդակը