Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հագրգռված է գործունեություն ծավալել Հայաստանի ներքին ցանցում։ Եթե առաջ նա միայն մեր սահմանի վրա մեզ գազ վաճառող էր, ապա այսօր այդ գազը ոչ թե սահման է հասցնում, այլ արդեն ուղղակի սպառողին։ Եւ եկամուտները բաժանվում են ըստ բաժնեմասերի տոկոսների. այնպես որ դա բացարձակապես կապ չունի «Գազպրոմի» Հայաստանում ծավալած գործունեության հետ։

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ, «Ագրոպրես» խմբագրական կենտրոն ― Պարոն Նախագահ, արդյունաբերության վերականգնման եւ աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում։

― Արվում է գործնականում ամեն ինչ, հնարավորությունների սահմանում, բայց ես քիչ առաջ ասացի, այդ հնարավորությունների սահմանը շատ փոքր է։ Ի՞նչ պիտի արվի, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց վրա շատ լուրջ աշխատանք է կատարվում։ Նախ եւ առաջ դա ներդրումների ներգրավման խնդիրն է, որն արդեն դարձել է մեր կառավարության գործունեության ամենաառաջնահերթ խնդիրը, եւ այս հարցում մենք ունենք որոշ հաջողություններ։ Ես չեմ ուզում բոլորովին հոռետես լինել։ Այս գործընթացը պիտի շարունակվի, միջազգային աճուրդները, վերջիվերջո, պիտի արդյունք տան, դրան նույնպես բացարձակապես չեմ կասկածում։ Չափազանց կարեւոր էր Քըրք Քըրքորյանի հիմնադրամի ստեղծումը, որը գլխավորելու է սենատոր Դոուլը։ Խոսքը փաստորեն վերաբերում է 100 մլն դոլարի ներդրումների, որոնք, ըստ երեւույթին, ցածր տոկոսներով պիտի վարկավորեն մեր արդյունաբերությունը, ընդհանրապես գործարարությունը։ Ես կարծում եմ՝ եթե մեկ-երկու տարվա ընթացքում այդ հիմնադրամն օգտագործվի, ապա մեծ օգնություն կլինի Հայաստանի համար։ Պետք է ավելացնեմ, որ մեզ համար այս հարցն այնքան լուրջ է, որ շուտով, ըստ երեւույթին, մեկ-երկու շաբաթվա ընթացքում, կստեղծվի ներդրումների խթանման (սա մոտավոր անվանումն է) պետական խորհուրդ։ Դա ըստ երեւույթին կլինի վարչապետին կից եւ մեր առեւտրի ու արդյունաբերության նախարարության անմիջական մասնակցությամբ։ Ամենայն հավանականությամբ կստեղծվի Նախագահի հրամանագրով եւ կունենա շատ լուրջ լիազորություններ։ Նրա խնդիրներն են դառնալու.