Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն։

Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։

Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։

Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։

Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու հասնել մեր բաղձալի նպատակին։ Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արեւմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արեւելահայաստանի կեսը։

Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ։

Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։ Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու է կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի իրավական, այլ քաղաքական լուծում, թեեւ աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային իրավունքի օրինակելի դրսեւորում։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն