Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական եւ արաբա-իսրայելյան հակամարտության կողմերը։

Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. Ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետեւ այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները։

Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը եւ ի վիճակի են դրսեւորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն։

Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող եւ լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու եւ ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս։ Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են Եւրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաեւ Մերձավոր Արեւելքում, որի մասնավոր վկայությունն է, թերեւս, արաբա-իսրայելյան խաղաղության գործընթացը։

Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին։ Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը։ Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը։ Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը։